Մշակույթ 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Սպիվակովին՝ 70-ամյակի առթիվ

analitik.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին:


«Հարգելի Վլադիմիր Թեոդորի,

 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն եւ ներդաշնակություն: Ձեր ստեղծագործական ուղին ոգեշնչում է երկրպագուների լայն շրջանակի եւ ընդօրինակելի է երիտասարդ սերնդի համար:

 

Դուք, իրավամբ, արժանացել եք խորհրդային եւ ռուսաստանյան ականավոր ջութակահարի եւ դիրիժորի կոչմանը՝ անվերապահ ճանաչում ձեռք բերելով միջազգային ասպարեզում: Ձեր արվեստը սիրում եւ բարձր են գնահատում նաեւ մեր երկրում, որտեղ Ձեզ վաղուց համարում են ոչ թե հյուր, այլ հարազատ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին:

 

Երիտասարդ տաղանդների որոնմանն ու բազմակողմ աջակցմանն ուղղված Ձեր հասարակական, բարեգործական եւ մանկավարժական բազմամյա գործունեությունը, անկասկած, նպաստում է երաժշտական արվեստի զարգացման գործում Ձեր ներդրած ավանդույթների շարունակականությանը:

 

Այդ կապակցությամբ կցանկանայի երախտագիտությունս հայտնել Վ.Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին Ձեր հետեւողական աջակցության համար:

 

Հարգելի Վլադիմիր Թեոդորի, ցանկանում եմ Ձեզ անսպառ եռանդ եւ հաջողություններ` Ձեր ստեղծարար եւ ստեղծագործական գործունեության շարունակության համար»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից