Մշակույթ 

Հրանտ Դինքը այսօր կդառնար 60 տարեկան

Ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքն այսօր` սեպտեմբերի 15-ին կդառնար 60 տարեկան: Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայում, 1954 թվականի սեպտեմբերի 15-ին: 1961 թվականին նրա ծնողները Ստամբուլ տեղափոխվելուց հետո բաժանվեցին, որի հետեւանքով Հրանտը եւ 2 եղբայրները տեղավորվեցին Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատանը: Պատանեկան տարիքում հրապուրվել է ձախակողմյան կուսակցություններով եւ սկել քաղաքականության մեջ մտնել Թուրքիայի կոմունիստական կուսակցության ուղեգծով:


Ստամբուլի համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց որոշ ժամանակ անց ամուսնացել է մանկատան մյուս սաներից Ռաքելի հետ: Եղբայրների հետ միասին տպարան են բացել եւ Ռաքելի հետ համատեղ Արեւմտյան Հայաստանից եկած իրենց պես անծնող երեխաների համար ստեղծված ճամբարը ղեկավարել:


Սակայն պետությունն  ճամբարի բացումից 21 տարի հետո այն բռնագրավեց:  Զինվորական ծառայության է անցել Դենիզլիի հետեւակային գնդում: Թերթերում աշխատանքը սկսել է որպես  լույս տեսած գրքերի ընդդիմախոս եւ սկսել է հայտնի դառնալ նրանով, որ բավականին ուղղումներ է արել մամուլում լույս տեսած հրապարակումների հետ կապված:  


«Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ներկայացնենք, նախապաշարումները կկոտրվեն»-ասում էր Հրանտ Դինքը` նախապատրաստվելով հայերենով եւ թուրքերենով թերթի հրապարակմանը: 1996 թվականի ապրիլի 5-ին լույս տեսավ «Ակոս»-ի առաջին համարը: Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնն ստանձնեց Հրանտ Դինքը: Բացի «Ակոս»-ից, գրում էր նաեւ «Զաման» եւ «Բիրգյուն» պարբերականներում:


Նրա դեմ բացահայտ հետապնդումներն սկսվել են այն բանից հետո, երբ նա գրեց, թե Աթաթուրքի որդեգրած աղջիկը Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել, ով հանդիսանում է նաեւ Թուրքիայի առաջին կին օդաչուն:



Այնուհետ թուրքական Hurriyet-ը եւ մի քանի այլ թերթեր Դինքին սկեցին գլխավոր էջերում որակել որպես դավաճան` հող նախապատրաստելով նրա սպանության համար: «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Դինքն ասում էր. «Այո, 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է, քանի որ 4 հազար տարի այս հողերում ապրած մի ժողովուրդ եւ նրա քաղաքակրթությունն արդեն չկա»:

Նույն շարքից