Արդեն երրորդ տարին է Հայաստանում անցկացվում է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակին արժանացել է երեք գիտնական: Նրանցից մեկը Գերմանիան ու Իռլանդիան ներկայացնող հայազգի աստղաֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանն է, ով առաջադրվել է Իտալիայի Լինչեի ազգային ակադեմիայի կողմից՝ «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման» առաջատար դերի համար: Երկրորդ մրցանակը կիսել են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Կարաչենցևը և ԱՄՆ-ն ներկայացնող Բլեթ Թալին՝ «Տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:
Լրագրողների հետ հանդիպմանը, աստղաֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանը պատասխանելով հարցին, թե որտեղ է ավելի հեշտ աշխատել՝ Հայաստանում, թե Իտալիայում, պատասխանեց. «Հնարավորությունները այսօր ավելի շատ են, քան առաջ էր: Նախկինում՝ Սովետական Միության օրոք, հոդվածներ տպվում էր միայն թույլտվության դեպքում, թուղթ չկար, իսկ այսօր տարբերություն չկա, թե որտեղ ես, ինտերնետով նույնիսկ փողոցում կարող ես գրել ու քեզ ոչինչ չի խանգարի: Ուղղակի հարցն այն է, որ այսօր Հայաստանում երիտասարդ գիտնականները քիչ են, բայց ինչ-որ շարժում սկսվում է: Պարզապես մարդիկ այստեղ ստիպած են այլ բաների մասին մտածել, քան գիտության, բայց եթե հաղթահարվեն սոցիալական խնդիրները, ապա գիտական առումով մենք խնդիր չենք ունենա»,- ասաց նա:
Ռուսաստանը ներկայացնող գիտնական Իգոր Կարաչենցևը նշեց, որ ինքը եղել է Վիկտոր Համբարձումյանի ասպիրանտներից մեկը: «Հայաստանում եմ պաշտպանել իմ ասպիրանտական աշխատանքը և ուրախ եմ, որ եղել եմ Վիկտոր Համբարձումյանի աշակերտը: 1975թ-ին երբ իմացանք, որ Հյուսիսային Կովկասում կառուցվում է մեծ աստղադիտարան, տեղափոխվեցի այնտեղ ու 40 տարի է աշխատում եմ այնտեղ»,- ասաց նա։
Մյուս մրցանակակիր Բրենթ Թալինը նշեց, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, որովհետև Համբարձումյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում: «Մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ, միայն համագործակցության դեպքում է, որ ստեղծվում են աշխարհի կարևոր գիտական ձեռքբերումները»,- ասաց նա:
Նշենք, որ մրցանակը կազմում է 500 հազար դոլար, որը պետք է կիսվի մրցանակակիրների միջև: Այսպիսով Ֆելիքս Ահարոնյանին տրվեց 250 հազար դոլար, իսկ մյուս 250 հազար դոլարը կիսվեց Ռուսաստանն և ԱՄՆ-ն ներկայացնող գիտնականների միջև: Լրագրողների հետ զրույցում երեքն էլ նշեցին, որ գումարը ներդրվելու է գիտության զարգացման գործում, մասնավորապես օգնելու են, որ հայ երիտասարդ գիտնականները այցելեն այն աստղադիտարաններ, որտեղ իրենք են աշխատում: Ֆելիքս Ահարոնյանը նշեց, որ ինքը 50 հազար դոլար հատկացնելու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրամին: