Մշակույթ 

Նոր մանրամասներ պայթեցված եկեղեցու մասին

Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, որը երեկ կեսօրին պայթեցրել էին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները, գրեթե ամբողջությամբ վնասվել է: Արաբական i24news.tv կայքը տեղեկացնում է, որ կանգուն է մնացել միայն եկեղեցու գմբեթը՝ խաչը վրան:

 

Ահաբեկիչները թույլ չեն տվել նկարել ավերված եկեղեցին:

 

Տարածված տեղեկության համաձայն՝ նախկինում այդ շրջանը եղել է «Ան Նուսրայի ճակատ» խմբավորման հսկողության ներքո, որոնք պաշտպանել են եկեղեցին և թույլ չեն տվել, որ այն կողոպտվի:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից շրջանը գրավվելուց հետո եկեղեցին ականապատել են և պայթեցրել:

 

Ուժգին պայթյունի ձայնը լսվել է Դեյր էզ Զորի տարբեր շրջաններում:

 

Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչները շարունակում են պղծել Սիրիայում գտնվող սրբավայրերն ու գերեզմանները:

 

1991թ.-ին կառուցված այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։

 

ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանն արդեն խստորեն դատապարտել է եկեղեցու պայթեցումը:

«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:  Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- ասված էր նախարարի հայտարարության մեջ:

 

Եկեղեցու պայթեցմանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա Թուրքիային կոչ է արել դատապարտել եկեղեցու դեմ ահաբեկչական գործողությունը:

«Եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»,-Facebook-ի իր էջում գրել է նա:

 

Եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության մեջ Թուրքիայի դերակատարությունն են տեսնում նաև համացանցի բազմաթիվ օգտատերեր: Այդ մասին գրառումներ կան նաև արաբալեզու կայքերի մեկնաբանություններում: 

Նույն շարքից