Նիկոլո Պագանինին վաղ տարիքում հորից սովորել է մանդոլին և ջութակ նվագել: Հետագայում ջութակի դասեր է առել իտալացի ջութակահարներ Ջակոմո Կոստայից և Ալեսսանդրո Ռոլլայից: 11 տարեկանում հանդես է եկել մենահամերգով. կատարել է նաև սեփական վարիացիաներից: 1797–98 թթ-ին Պագանինին համերգներով շրջագայել է Հյուսիսային Իտալիայում: 1801–05 թթ-ին ապրել է Տոսկանայում և Ջենովայում, 1805–13 թթ-ին եղել է Պիոմբինոյի երաժշտական ուսումնական հաստատության տնօրեն, Լուկկայում՝ պալատական ջութակահար:
1828 թ-ից համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և արժանացել վիրտուոզ կատարողի համբավի: Կյանքի վերջին տարիներին Պագանինին ապրել է Փարիզում:
Պապական կուրիան (Հռոմի պապին ենթակա կենտրոնական հիմնարկների ամբողջություն) նրան հետապնդել է հակակրոնական հայացքների և կարբոնարների (իտալական գաղտնի ընկերության անդամներ) շարժմանը համակրելու համար, հետագայում նույնիսկ արգելել է Պագանինիին թաղել Իտալիայում (տարիներ անց նրա աճյունը տեղափոխվել է Պարմ):
Հիմք դնելով ջութակի արվեստի ժամանակակից տեխնիկային՝ նա որոշակիորեն ազդել է նաև դաշնամուրային և գործիքավորման արվեստի վրա:
Պագանինիի ստեղծագործություններին հատուկ են իտալական ժողովրդական երաժշտության մեղեդայնությունն ու վառ կերպարայնությունը, իսկ կատարողական արվեստին՝ դրամատիկական պաթոսը, հուզական անմիջականությունն ու ազատ իմպրովիզացիան (հանպատրաստից ստեղծագործելը): Նա առաջին ջութակահարն է, որ համերգների ընթացքում նվագել է առանց նոտաների:
Պագանինին նաև ականավոր կոմպոզիտոր է. գրել է «24 կապրիչչո» (մենանվագ ջութակի համար), ջութակի և նվագախմբի 5 կոնցերտ (2-րդ կոնցերտն ավարտվում է հանրահայտ «Կամպանելլայով»), 8 սոնատ («Գարուն», «Անընդհատ շարժում» և այլն), վարիացիաներ (Ջոակինո Ռոսսինիի «Մովսես» օպերայի թեմայով՝ 1 լարի համար, և այլն), լարային գործիքների 21 կվարտետ, պիեսներ՝ կիթառի համար (մոտ 200), վոկալ և այլ գործեր:
Նրա երկերի հիման վրա և թեմաներով գրվել են տասնյակ փոխադրություններ, մշակումներ, ինքնուրույն գործեր (Ֆերենց Լիստ, Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս, Սերգեյ Ռախմանինով, Սերգեյ Ասլամազյան և ուրիշներ):
1982 թ-ին նկարահանվել է «Պագանինի» հեռուստաֆիլմը (Բուլղարֆիլմ և Մոսֆիլմ, Պագանինիի դերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյան):
1954 թ-ից Ջենովայում անցկացվում է ջութակահարների՝ Պագանինիի անվան ամենամյա միջազգային մրցույթ: