Գիտություն 

Սեպտեմբերի 18-ը Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում: Նրա հայրը` Համազասպ Համբարձումյանը, առաջինն էր հայտնաբերել որդու հետաքրքրությունները թվաբանական հաշվարկների հանդեպ. երբ Վիկտորը 4 տարեկան էր, կարողանում էր հեշտությամբ բազմապատկել երկնիշ թվերը: Թվերի անսահման աշխարհի հանդեպ նրա սերը շուտով նրան տարավ դեպի աստղագիտություն, դեպի անսահման տիեզերքի օբյեկտները: Չնայած հոր ցանկությանը` դառնալ մաթեմատիկոս, այնուամենայնիվ, Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ Լենինգրադի) համալսարանում Վիկտոր Համբարձումյանը մասնագիտացավ աստղագիտության ոլորտում:

1934 թվականին նա իր հարազատ համալսարանում հիմնադրեց Խորհրդային Միությունում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը և դարձավ դրա վարիչը: 31 տարեկանում ընտրվեց Խորհրդային գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: Նույն տարում նա նշանակվեց Լենինգրադի պետական համալսարանի պրոռեկտոր գիտական աշխատանքների գծով:

1943-ին Համբարձումյանի կյանքում նոր փուլ սկսվեց. նա ընտանիքով տեղափոխվեց Երևան և նշանակվեց Հայաստանի գիտությունների նորաստեղծ ակադեմիայի փոխնախագահ: 1946-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը: 1947-ին դարձավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ և այդ պարտականությունները կատարեց մինչև 1993 թվականը: 1961-ին ընտրվեց Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) նախագահ և վիթխարի ճիգեր էր գործադրում, որպեսզի բարելավեր դրա գործունեությունը: 1964 թ-ին նա ավարտեց ՄԱՄ-ի իր նախագահության 3 տարին, բայց շատ չանցած` 1968 թվականին ընտրվեց Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ: Երկու տարի անց նա նույն պաշտոնում ընտրվեց երկրորդ անգամ, ինչն աննախադեպ էր այդ հեղինակավոր կազմակերպության պատմության մեջ:

Նույն շարքից