ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր` ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների և գիտությունների ազգային ակադեմիայի միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Համագործակցության շրջանակներում Հայաստանում հիմնվելու է Ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն: Այն տեղակայվելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:
Համագործակցության հուշագրով նախատեսվում է.
• ընդլայնել սուպերկոմպյուտերների լայնամասշտաբ օգտագործումը` ի նպաստ ՀՀ տնտեսական զարգացման և հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման համար,
• առկա թվային անջրպետը հաղթահարելու նպատակով լայնորեն կիրառել թվային մոդելները` հասարակական և գիտական մարտահրավերների լուծման ուղղությամբ,
• ամրապնդել Հայաստանի ազգային գիտակրթական էլեկտրոնային ենթակառուցվածքը` վերազինելով նրան արդի ծառայություններով,
• վերջին տարիներին մեծ տվյալների, այդ թվում` գիտական տվյալների աննախադեպ աճի պայմաններում լայնորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաները` տվյալների պահպանման և մշակման համար:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստեղծվելիք կենտրոնի հիմնական նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում գիտության ու հասարակության համար զարգացնել և կիրառել բարձր արտադրողականությամբ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կատարել հիմնարար, կիրառական գիտական և արդյունաբերական հետազոտություններ բարձր արտադրողականությամբ հաշվարկների բնագավառում` կողմերի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ: