Առողջապահություն 

Մեր երկրում տարեցտարի ավելանում է չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն

analitik.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում հայտարարեց, թե մեր երկրում տարեցտարի ավելանում է չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը:

 

«Առողջապահության նախարարությունն իր ենթակառուցվածքներով և մասնագիտական կենտրոններով զգալի աշխատանքներ է տանում չարորակ ուռուցքների առաջացումը կանխարգելելու և պաշտպանելու ուղղությամբ»,-ասաց Հայրապետ Գալստյանը:

 

 

Բանախոսը տեղեկացրեց, որ մեր հանրապետությունում 2002թ. հայտնաբերվել է 5737 նոր հիվանդ, իսկ 2012թ.` 7877: Եթե 2002թ. 100 հազար բնակչի հաշվարկով հիվանդացությունը կազմում էր 179 դեպք, ապա 10 տարի անց`240: «Բնակչությանը պետք է ներշնչել այն գաղափարը, որ չարորակ ուռուցքը ոչ թե դատավճիռ է, այլ բուժման ենթակա հիվանդություն»,-ասաց մասնագետը՝ շարունակելով, թե պետք է խուսափել նստակյաց կյանքից, ծխելուց, ապխտած կերակուրներից և նմանատիպ վտանգավոր երևույթներից, փոխարենը ապրել առողջ ապրելակերպով:

 

«Մեր հանրապետությունում չարորակ ուռուցքների բարձիթողությունը հասնում է 45 տոկոսի: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա հնարավորինս կանխենք, իսկ ԱՀԿ-ի տվյալներով 35 տոկոսով չարորակ ուռուցքների առաջացումը կարելի է կանխել առողջ ապրելակերպով»,-հայտարարեց Հայրապետ Գալստյանը:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն ասաց, որ իրենց կենտրոնում ճառագայթային բուժման նոր և հզոր սարք է ներդրված, և բուժումն անց է կացվում միջազգային չափանիշներին համապատասխան:

 

Ըստ նրա՝ խնդիրներ կան քիմիաթերապիայի ասպարեզում, հերթեր են գոյանում: «Պետպատվերի շրջանակներում հերթագրում է իրականացվում: Դժվարություններ են առաջանում. որպեսզի դրանք հաղթահարենք, եռահերթ ռեժիմի ենք անցել: Պետական հատկացումները հաճախ չեն բավարարում վերջին սերնդի տեխնիկայով բուժումն իրականացնելու համար: Այնպիսի դեղամիջոց կա, որի մեկ ներարկումն արժե 3100 եվրո»,-նշեց մասնագետը:

 

Հայրապետ Գալստյանը հաղորդեց նաև, որ ամեն տարի աշխարհի բոլոր երկրներում չարորակ ուռուցքներով հիվանդացության աճ է նկատվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2020թ. մոլորակի վրա կարձանագրվի քսան միլիոն նոր դեպք, մահացությունը կհասնի տասը միլիոնի: 

Նույն շարքից