Գիտություն 

Պարգևներ` «Ուսուցչի օրվան» ընդառաջ

analitik.am
Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարը հանրապետության լավագույն մանկավարժներին,  այդ թվում` «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների անվանակարգերում հաղթողներին, ավանդաբար հրավիրում է ԿԳՆ` պարգևներ հանձնելու: Այս տարին ևս բացառություն չէ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր շնորհավորելով նախարարություն այցելած մանկավարժներին, նշել է.

 

«Օրացույցում կան բազմաթիվ տոներ, սակայն ազգային տոնացույցում իր տեղն է գտել միակ և բացառիկ մասնագիտական տոնը` «Ուսուցչի օրը», որը ՀՀ օրենքով է սահմանված` որպես մասնագիտական տոն: Սա մեր պետության և ժողովրդի ամենավառ  վերաբերմունքն է առ այն մարդկանց, ովքեր կերտում են մեր ապագան: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` որպես նախարար, որպես քաղաքացի, և ի դեմս ձեզ`  հպարտանալ ուսուցիչների տասնյակ հազարանոց բանակով: Իհարկե, ծանր  է ուսուցչի աշխատանքը. ձեզանից շատերն իրենց աշխատանքը սկսել են դեռ անկախությունից առաջ և կառուցելով մեր ազգային դպրոցը` բախվել բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում` սոցիալական, ֆինանսական, բովանդակային և այլն: Միաժամանակ ուզում եմ փաստել, որ մեր ազգային բանակից հետո երկրորդ նվիրյալ և անխոնջ բանակը մեր ազգային դպրոցն է: Այո, ապագա սերունդը գտնվում է  ապահով ձեռքերում` ձեր ճիշտ կրթության և դաստիարակության շնորհիվ: Մենք ունենք հազարավոր ուսուցիչներ, որոնց աշխատանքը երևում է միայն իրենց համայնքում, դպրոցում, ընտանիքում և, չգիտես ինչու, հանրային ուշադրությունը սևեռված է միայն համակարգի բացասական երևույթների վրա: Մենք պարտավոր ենք  հանրությանը ներկայացնել նաև հաջողության պատմություններ, միասին կերտել մեր ապագայի տեսլական, որը խարսխված չի լինելու միայն անհիմն լավատեսության վրա, այլ խորը, գիտակցված վերաբերմունք է լինելու մեր պետության, կրթական համակարգի ապագայի հանդեպ: Հայտնի է, որ այս տարին աննախադեպ էր հայ դպրոցականների օլիմպիական մեդալների քանակով, որոնց թիկունքում կանգնած են նրանց  ուսուցիչները,  դաստիարակները, ծնողները:  Նշեմ նաև, որ պետության համար կարևորագույն ոլորտում նոր նախաձեռնությունները սպասել չեն տալիս: Մեկնարկում է Գերազանցության ազգային ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել ուսուցչի դերը», -նշել է նախարարը` առաջարկելով, որ առաջիկա երեք տոնական օրերի ընթացքում ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի հիշի, զանգահարի և շնորհավորի իր ուսուցչին` դրանով  հավելյալ ջանքեր և լիցքեր տրամադրելով իրենց ուսուցիչներին` դիմակայելու ևս մեկ ուսումնական  տարվա մարտահրավերներին: Միջոցառման ավարտին նախարարը պարգևներ և մրցանակներ է հանձնել վաստակաշատ մանկավարժներին: Պարգևներ է հանձնել նաև ճյուղային արհմիության նախագահը: 
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլերն անցկացվում  են ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից: 2014 թվականին մրցույթներին մասնակցել է 35 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի ամփոփումից հետո հանձնաժողովներն ընտրել են «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին»:
2014 թվականին ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» են արժանացել  Լարիսա Սարգսյանը /Երևանի N 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն/, Համլետ Ղազարյանը /Երևանի N 2 հատուկ դպրոցի տնօրեն/, Անյա Սահակյանը /Երևանի Վ.Պետրոսյանի անվ. N 51 հ/դ, պատմության ուսուցիչ/, Գառնիկ Ասմարյանը /վետերան մանկավարժ/: Մի շարք մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ պատվոգրերի և այլ մրցանակների:

Նույն շարքից