Առողջապահություն 

2013թ.-ին կրծքագեղձի քաղցկեղ ավելի շատ ախտորոշվել է կանանց մոտ

analitik.am

Ցանկացած կին պետք է խնամքով վերաբերի իր առողջությանը եւ այցելի բժիշկ-ուռուցքաբանի, հատկապես եթե խոսքը գնում է կրծքի եւ արգանդի առողջության մասին: Այս մասին փետրվարի 4-ին, քաղցկեղի դեմ պայքարի օրը, մամլո-ասուլիսի ժամանակ միաձայն հայտարարեցին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, բժիշկ- ռադիոլոգ՝ Հովհաննես Վարդեվանյանը, ուռուցքաբան-գինեկոլոգ՝ Վահե Տեր-Մինասյանը:

«Մեզ համար չկա քաղցկեղի դեմ պայքարի որոշակի օր, մենք ամեն օր պայքարում ենք այս հիվադության դեմ»,- հայտարարեց Խաչանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, հայ-ամերիկյան կենտրոնի մասնագետների գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզն է: 17 տարիների ընթացքում կենտրոնի բժիշկները քաղցկեղով հիվանդների վիճակագրություն են վարում:

1997 թվականին հետազոտվել է ընդամենը 1700 մարդ, որոնցից մոտավորապես 320-ը քաղցկեղ են ունեցել: «Երբ կենտրոնը նոր սկսել էր աշխատել, հետազոտման համար օրական 2-3  մարդ էին գալիս, իսկ հիմա նրանց թիվն աճել է  մինչեւ օրական 150  մարդ»,- նշեց Հակոբյանը, ավելացնելով, որ «այս պահին մեր կենտրոնում հետազոտվում է 92 մարդ, որոնցից 17-ը՝ անվճար»:

Համաձայն կենտրոնի վիճակագրական տվյալների, միայն 2013 թվականին այնտեղ հետազոտվել է 34705 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 48186 հետազոտություն, որոնցից 18320ը՝ կրծքագեղձի: Հետազոտվել են 18136 կին, որոնցից 500-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այդ նույն ժամանակահատվածում հետազոտվել է 184 տղամարդ, եւ նրանցից չորսի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: 150-ի մոտ ախտորոշվել է գինեկոմաստիա: Ի տարբերություն 2012 թվականի այցելուների թիվն աճել է  4000-ով:  Այդ արդյունքի մեջ դեր ունեն, եւ՛ ԶԼՄ-ները, եւ՛ բժիշկները, ովքեր մշտապես կոչ են անում կանանց չնստել տեղում, եւ ֆինանսներ չխնայել՝ գումար կուտակել եւ հետազոտության գնալ՝ առողջության հետ լուրջ բարդություններից խուսափելու համար: Հատկապես խոսքը գնում է 35 տարակենից մեծ կանանց մասին:

Հայաստանում կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղը առաջատար դեր են զբաղեցնում քաղցկեղով հիվանդ կանանց շրջանում:

Նույն շարքից