ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպական աշխատանքների շրջանակում հայտարարել էր միջոցառման տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ: Ընտրված տարբերանշանը պետք է արտացոլեր եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր:
Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին հոկտեմբերի 7-ին ՀՀ ԿԳՆ-ում: Մրցութային հանձնաժողովի ղեկավար, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այն հայտարարվել էր շաբաթներ առաջ:
«Բազմաթիվ երիտասարդ դիզայներներ մասնակցեցին մրցույթին: Մենք ընդհանուր պայման էինք դրել, որ առաջարկվող տարբերանշանն իր մեջ պարունակի ինչպես Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի խորհրդանիշներն ու տարրերը, այնպես էլ իր ձևավորմամբ հայկական լինի: Մրցութային հանձնաժողովն արդեն ընտրել է լավագույն եռյակը»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Մրցութային հանձնաժողովն, ամփոփելով մրցույթի արդյունքները, հաղթող է ճանաչել Լուիզա Պետրոսյանին, որը զբաղեցրել է առաջին տեղը: Նա որպես պարգև ստացել է 300 հազար դրամ: Արման Հակոբյանը և Նորա Սմբատյանը գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը՝ ստանալով 200 և 100 հազար դրամ: Մրցանակաները նրանց հանձնեց Արմեն Աշոտյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն իմ ստեղծած լոգոյով է ներկայանալու ողջ Եվրոպային»,-նշեց մրցույթի Լուիզա Պետրոսյանը:
Մրցութային հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին մասնակիցներ Մարիետա Հարությունյանը, Մարիանա Սարգսյանը և Գևորգ Բալյանը:
Տարբերանշանի մրցույթը հայտարարվել էր այս տարվա փետրվարին: Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները: Տարբերանշանը պետք է արտացոլեր եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր: Մրցութային աշխատանքները՝ տպագիր և էլեկտրոնային, ներկայացվում էին համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով:
Մրցութային հանձնաժողովում ընդգրկված էին կրթության, գիտության և մշակույթի բնագավառների անվանի ներկայացուցիչներ: Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը պատկանելու է ՀՀ ԿԳՆ-ին: