Ամերիկյան Apple ընկերությունը հոկտեմբերի 16-ին կայանալիք շնորհանդեսի պաշտոնական հրավերներ է հղել լրագրողներին. կներկայացվեն iPad պլանշետների և iMac համակարգիչների նոր տարբերակները: Շնորհանդեսը տեղի կունենա Կալիֆոռնիայում՝ գրում է Korrespondent.net-ը:
Ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ այդ հանդիպման շրջանակներում կներկայացվեն iPad Air, iPad Mini պլանշետների նոր մոդելներ և Mac նոր համակարգիչներ: Սպասվում է, որ ամբողջական չափերով iPad-ի մոդելը կունենա նոր էկրան, որը թույլ կտա ավելի հեշտությամբ կարդալ տեղեկությունը վառ լույսի ներքո:
Բացի այդ, պլանշետները կունենան Touch ID մատնահետքերով սքաներ: Պլանշետները կարող են ունենալ ավելի հզոր՝ A8 պրոցեսոր, իսկ ամբողջական չափերով iPad-ը՝ 8 մեգապիքսելանոց տեսախցիկ: Սպասվում է, որ նոր սերնդի iPad-ները հասանելի կլինեն նաև ոսկեգույն կորպուսով:
Միջոցառմանը կարող է ներկայացվել նաև 27 դյույմ անկյունագծով iMac-ը՝ Retina էկրանով: