Երևանում այսօր մեկնարկեց Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA/ՀՈՒՄԸ) 13-րդ համաժողով, որը կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Համաժողովին մասնակցելու են եկել 20 երկրներից ընկերակցության շուրջ 400 ներկայացուցիչներ։
Բացմանը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, որ ՀՈՒՄԸ հայագիտության զարգացման առումով մեծ դեր է կատարում՝ և՛ խորքային, և՛ տարածական առումով։ «Հատկապես հայագիտության միջազգայնացման առումով, այն 33 տարվա պատմություն ունի և ներառում է 400-ից ավելի անդամներ»,- ասաց նա՝ շեշտելով, որ այն էական դեր է կատարում հայագետների նոր սերունդների կայացման գործում։
Տնօրենը նկատեց, որ իրենց ցանկությունն է Մատենադարանի նոր սերնդին ևս ընդգրկել հայագիտության բնագավառ և հայագիտությունը դարձնել կենտրոնաձիգ ուժ, որի շուրջ կհամախմբվեն բոլորը։
«Ես ցանկանում եմ խոսել նաև հայագիտության այն կենտրոնաձիգ ուժի մասին, որ միացնում է, օղակում է մեզ բոլորիս, մեր խնդիրն է պահպանել և զորացնել, սակայն հաճախ մեզանից անկախ գոյանում է մերձգիտական մի տարածք, որ ոչ միայն զուրկ է այդ կենտրոնաձիգ ուժից, այլև չունի դրա առողջ գիտակցությունն անգամ։ Մի տեսակ մակաբույծի շրջիկ կերպար կարող է ստեղծվել, այն է՝ հայագետ առանց հայերենի դույզն ինչ իմացության, միջնորդավորված, սնուցված միայն համացանցային տեղեկատվությամբ։ Փա՛ռք Աստծո, դրա վտանգն առայժմ չկա, բայց կան նմանակման միտումներ, շատերը չեն շփվել դասական հայագիտության հետ, չեն օգտվում բնագրերից, ձեռագրերից, և մատենաշարերից»,- ասաց նա և հավելեց թե Մատենադարանը բնօրինակներից օգտվելու հնարավորություն տալիս է նաև իր թվայնացված արխիվի շնորհիվ։
Հրաչյա Թամրազյանը նշեց, որ այսօր հայագիտության միջազգային հրատարակչական ծրագրերի շրջանակներում լույս տեսած գրքերի շնորհանդեսի օր է նաև։ Նա ընդգծեց, որ Մատենադարանը ստեղծագործական եռուզեռի, կառուցվածքային փոփոխությունների ընթացքում է։
«Եկող տարի Արցախում Գանձասար վանական համալիրում հանդիսավորությամբ կբացվի Մաշտոցի անվան մատենադարան Գանձասար գիտամշակութային կենտրոնը, իբրև Մատենադարանի մասնաճյուղ։ Այն կունենա իր գիտական և ցուցադրական մասերը»,- ասաց նա։