Հայ կինը պատմության մեջ հայտնի է իր նվիրյալ գործունեությամբ, և հայ թագուհիներն աշխարհում առաջիններից էին, ովքեր նպաստեցին քրիստոնեության տարածմանը: Այս մասին հոկտեմբերի 10-ին Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովի բացման ընթացքում ասաց Սփյուռքի նախարար և ՀԿՄԸ (AIWA) հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հրանուշ Հակոբյանը:
Ընթերցվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքերը` ուղղված աշխարհի 13 երկրներից համաժողովին եկած ՀԿՄԸ 200 անդամներին :
Ինչպես նկատեց Սփյուռքի նախարարը, համաժողովի նախապատրաստման աշխատանքներում մեծ ներդրում է ունեցել ՀԿՄԸ Լոս Անջելեսի մասնաճյուղի ատենապետ Սիլվա Խաչիկյանը:
«Մեր կազմակերպության համաժողովների նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել կանանց և տղամարդկանց, ովքեր հանդիսանում են գիտելիքի, փորձի, ուժի, տաղանդի մարմնացում: Մենք ջանում ենք կիրառել նրանց ուժը` առաջ մղելու մեր մյուս հայրենակիցներին», - ասաց Սիլվա Խաչիկյանը: Նա հավելեց, որ իրենց կազմակերության նպատակն է կանանց համար ստեղծել մի հարթակ, որպեսզի նրանք իրենց գործունեությունը կարողանան համահավասար ծավալել:
Համաժողովի ընթացքում կանցկացվեն «Կանանց դերը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո», «Հայ կանանց դերը գլոբալիզացված աշխարհում», «Դիմագրավելով Հայաստանում Կանանց առողջապահության մարտահրավերներին», «Հայաստանում գործող ՀԿ-ները», «Կանայք` գրականության մեջ» խորագրերով թեմատիկ նիստեր:
Համաժողովի մասնակիցները նույն օրը կատարեցին այցելություն Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև մեկնարկեց սիրիահայերի կազմակերպած ցուցահանդես-վաճառքը: