Այսօր կայացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի հիմնական մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, դպրոցական մասնաշենքի կառուցման հովանավոր, ռուսաստանաբնակ բարերար Նիկոլայ Սարկիսովը, ինչպես նաև կրթօջախի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները:
Այսօր կայացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի հիմնական մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, դպրոցական մասնաշենքի կառուցման հովանավոր, ռուսաստանաբնակ բարերար Նիկոլայ Սարկիսովը, ինչպես նաև կրթօջախի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները։
Դպրոցի մուտքի մոտ պաշտոնական պատվիրակության և բարերարին ավանդական աղուհացով դիմավորեցին կրթօջախի տնօրեն Ռոմելա Դադայանն ու աշակերտները։ Միջոցառման բացման խոսքում դպրոցի տնօրենը, շնորհակալություն հայտնելով բարերարին, նշեց, որ նրա հովանավորությամբ կառուցված նոր մասնաշենքը, որի բացումը համընկել է կրթօջախի 90 -ամյակին, լավագույն նվերն է մանկավարժական և աշակերտական կոլեկտիվների համար։
Ռ. Դադայանը հավաստիացրել է, որ այսուհետ ևս ամեն ինչ արվելու է կրթօջախի կրթադաստիարկչական հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար։
Արցախի կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը նշեց, որ ևս մեկ նորակառույց դպրոցական մասնաշենքի բացումը վկայում է դպրոցաշինության գործում ԼՂՀ իշխանությունների որդեգրած ռազմավարական ծրագրերի շարունակական իրագործման մասին։ Նախարարը հույս է հայտնել, որ հարուստ ավանդույթներ ունեցող կրթօջախում կարվի հնարավոր ամեն ինչ՝ անկախ Արցախի արժանավոր քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու համար։
Շնորհավորելով բոլորին դպրոցական նորակառույց մասնաշենքի բացման կապակցությամբ՝ բարերար Ն. Սարկիսովը շնորհակալություն հայտնեց նախագահ Սահակյանին, ում նախաձեռնությամբ իրագործվել է դպրոցի կառուցումը։ ՚Կարևորելով երկրի ու ժողովրդի ապագայի համար մատաղ սերնդի դաստիարակության գործը, նա նշեց, որ շինարարների, դպրոցի կոլեկտիվի նվիրվածության ու ջանքերի շնորհիվ իրագործվեց գիտելիքի և դպրության ևս մեկ հուշարձանի կառուցումը, որը երկրի ու ժողովրդի ապագայի հիմնաքարերից մեկն է լինելու։
Նորակառույց դպրոցական մասնաշենքի օրհնության կարգ մատուցեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իսկ կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց դպրոցի նախկին շրջանավարտ ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանին և բարերար Ն. Սարկիսովին։
Լրագրողների հետ ճեպազրույցում շինարարական աշխատանքներն իրագործած «ՊԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սերգեյ Հարությունյանը նշեց, որ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մասնաշենքը, որի կառուցման համար ծախսվել է 1 մլրդ 600 միլիոն դրամ, նախատեսված է 600 աշակերտի համար։