Գիտություն 

Արմեն Աշոտյանը կարևորում է կրթական ծրագրերում մասնավոր հատվածի մասնակցությունը

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարն ընդգծել է Հայաստանի կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների կարևոր դերակատարումը և շեշտել, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության և բուհական համակարգի հետ համագործակցության փորձը հաջողվածներից է կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում:

 

Ընկերության կրթական ծրագրերը նոր հեռանկարներ են բացում հայ երիտասարդների ինտելեկտուալ և ստեղծագործական մտքի բացահայտման համար՝ ընդգծելով հայկական ներուժի առկայությունը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացում: Արմեն Աշոտյանը կարևորել է կրթական ծրագրերում մասնավոր հատվածի մասնակցությունը՝ շեշտելով, որ կրթության ասպարեզում արված ներդրումները հեռանկարային են զարգացող ցանկացած ոլորտում և ապահովում են երաշխավորված փոխհատուցում՝ որակյալ կադրային ռեսուրսի տեսքով:   

 

Հոբելյանական միջոցառմանը մասնակցել է նաև «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միության կողմից շնորհվել է Ոսկե մեդալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի, որակավորված մասնագետներ ապահովելու և կրթության բնագավառում կատարած ներդրումների, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման համար:

Նույն շարքից