Հայաստանում մայրենի լեզվի ամրապնդման և դպրոցներում լեզվամտածողության բարձրացման համար կանցկացվի «Մեղու. հայերեն բոլորի համար» դպրոցական մրցույթը: Թեև մրցույթն անցկացվում է առաջին անգամ, սակայն դրան մասնակցում են աննախադեպ թվով` ավելի քան 44 հազար աշակերտ Հայաստանից և Արցախից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ «Մեղու»-ն հիմնված է լեզվամտածողության և գիտելիքի կիրառման հմտությունների վրա: «Միջազգային ցանկացած ստուգատես շատ քիչ է ստուգում գիտելիքը, այն ստուգում է գիտելիքի կիրառման հմտությունները: Միջազգային կրթական ոլորտը փոխել է իր առաջնահերթությունները, և այս մրցույթը հիմնված է նոր առաջնահերթությունների վրա: Այս տարին աննախադեպ էր մեր պատմության մեջ, քանի որ մեր աշակերտները նվաճեցին 19 ոսկե մեդալ միջազգային օլիմպիադաներում: Մեզ համար առավել կարևոր է այն, որ օլիմպիական շարժումները թույլ են տալիս ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավել գիտելիքի շուրջ և գիտելիքակենտրոն հասարակություն ունենալ»,- ասաց Աշոտյանը: