Ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը, 10-15 դեցիբելն է: Սովորական խոսակցությունը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը` 20: Բղավոցները (60 դեցիբել) կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնն արդեն վտանգավոր է:
90 դեցիբել է մետրոյի գնացքի ձայնի բարձրությունը: Իսկ ժամանակակից նվագարկիչի ձայնի բարձրությունը 105 դեցիբել է: Հարկ է նշել, որ մետրոյի գնացքի ձայնը մենք լսում ենք օրական ընդամենը մի քանի րոպե, իսկ դեռահասը երաժշտություն է լսում գրեթե ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը, այն էլ առավելագույն բարձրությամբ:
80 դեցիբել ուժգնության ձայնի կարճատև ազդեցությունից հետո ներքին ականջի բջիջներն արագորեն վերականգնվում են, իսկ աղմուկի բազմակի ազդեցության դեպքում բջիջները սկսում են վնասվել: Մշտական ազդեցության պարագայում դրանք դադարում են վերականգնվել:
Ըստ համապատասխան վիճակագրության` MP3 նվագարկիչով յուրաքանչյուր տասներորդ երաժշտություն լսողը` անկախ տարիքից, լսողության խանգարում ունի: