Գիտություն 

Ծույլերի բույսը դա Սանսևիերան է

Լինելով Աղեղնավորի համաստեղության հովանու ներքո` սանսևիերան հովանավորում է ուսուցիչներին և աշակերտներին, և տեղին կլինի այդ բույսից պահել նաև դասասենյակներում։ 
 

Այս հանրահայտ սենյակային բույսի լատինական անվանումը սերում է բնական գիտությունների մեծ գիտակ, նեապոլիտանական իշխան Ֆոն Սանսեվիերիայի անունից։ Սանսեվիերայի հայրենիք են համարվում Արևմտյան Աֆրիկայի տրոպիկական շրջանները։ Բուսաբաններին ծանոթ է այդ բազմամյա մշտադալար բույսի ավելի քան յոթանասուն տեսակ, սակայն ամենից տարածվածն է Ծույլերի բույսը։

 
Խորհուրդներ խնամքի մասին
 
Սանսևիերան բավականին դիմացկուն բույս է։ Այն առանց որևէ խնդրի աճում է թե՛ արևի, թե՛ ստվերի և թե՛ կիսաստվերի պայմաններում։ Նրան չեն վախեցնում ո՛չ միջանցիկ քամիները, ո՛չ օդի խոնավությունը և ո՛չ էլ փոշին։ Սանսևիերան հաճախակի տեղափոխության կարիք չի զգում։ Միակ բանը, որն այս բույսը չի տանում, բնահողի գերխոնավացումն ու 0օ C-ի պայմաններում երկար մնալն է։
 
Նոր արմատակալած մատղաշ բույսի բնահողը պետք է բաղկացած լինի պարարտանյութից և ավազից (հասուն բույսի բնահողին ավազ խառնելը պարտադիր չէ)։
 
Ամռանը սանսևիերային պետք է հանել դուրս։ Գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում բույսը պետք է առատ և հաճախ ջրել, մինչդեռ ձմռան ամիսներին խորհուրդ է տրվում ջրել 2-3 ամիսը մեկ անգամ։ Ջրելու համար կարելի է օգտագործել նույնիսկ ծորակից հոսող սառը ջուրը, միայն պետք է ուշադիր լինել, որպեսզի ջրի կաթիլները չլցվեն վարդաձև տերևաբույլի մեջ։ Սանսևիերային «սնելու» համար կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պարարտանյութը։ Եթե Դուք տարրական խնամք տանեք այս ոչ քմահաճ բույսի հանդեպ, ցուրտ ձմեռվանից հետո այն ձեզ «կփոխհատուցի» անուշաբույր, դեղնականաչավուն կամ սպիտակավուն գեղեցիկ ծաղիկներով։ Բույսը բազմանում է կողմնային ընձյուղներով, բողբոջներ ունեցող ընդերացողունի կամ տերևակոթի տնկմամբ։
 
ԲԻՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ
 
Աստղագետները գտնում են, որ սանսևիերային հովանավորում են Աղեղնավորի համաստեղությունն ու Մերկուրի մոլորակը։ Ինչպես նշում է բիոդաշտերի հետազոտությամբ զբաղվող գերմանացի գիտնական Եվա-Կատարինա Հոֆֆմանը, բույսի էներգիան ճառագայթում է «փոքրիկ նետերի» միջոցով, որոնք մրրկանման հոսանք են առաջացնում։ Էքստրասենս և բիոթերապևտ Ելենա Մազովայի կարծիքով՝ սանսևիերան տան համար շատ օգտակար բույս է, քանի որ այն փոշեկուլի պես «ներծծում է» վատ խոսքերի և մտքերի բացասական էներգիան` ընդհանուր մթնոլորտը դարձնելով առողջ և հանգիստ, ինչն էլ իր հերթին նպաստում է բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանն ու երջանկությանը։ Բացի այդ, սանսևիերան մաքրում է օդը վնասակար նյութերից։
 
Աստղագետները գտնում են, որ Մերկուրի մոլորակը զարգացնում է սովորելու ձգտումը, մարդուն դարձնում ավելի համառ, համբերատար և մաքրասեր։ Լինելով Մերկուրի մոլորակի հովանու ներքո` սանսևիերան օգնում է ձերբազատվել ծուլությունից և զարգացնում է սովորելու ունակությունները։ Այդ իսկ պատճառով այն խիստ օգտակար է դանդաղ մտածող և վատ հիշողություն ունեցող մարդկանց համար։ Աշխույժ և նախաձեռնող անհատականություն ունեցողմարդկանց սանսևիերան «հուշում է», թե ինչպես ձեռք բերած գիտելիքները ճիշտ կերպով ծառայեցնել նոր դրամական միջոցներ հայթայթելու գործին։
 
Լինելով Աղեղնավորի համաստեղության հովանու ներքո` սանսևիերան հովանավորում է ուսուցիչներին և աշակերտներին, և տեղին կլինի այդ բույսից պահել նաև դասասենյակներում։ Այս բույսի ազդեցության ներքո աշակերտներն է՛լ ավելի վստահ են դառնում իրենց գիտելիքների հանդեպ, իսկ ուսուցիչներին հաջողվում է նույնիսկ ամենածույլ աշակերտի մոտ ուսման հանդեպ հետաքրքրություն առաջացնել։
 
ՍԱՆՍԵՎԻԵՐԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
 
Սանսևիերան բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության վրա։ Լինելով մի բույս, որն արագ հարմարվում է ցանկացած նոր միջավայրում` սանսևիերան օրգանիզմին օգնում է հարմարվել տարատեսակ դժվարություններին և բարձրացնում նրա դիմադրողականությունը։
 
Ժողովրդական բժշկության մեջ սանսևիերայի արմատներից պատրաստված եփուկն օգտագործում են ընդհանուր թուլության ժամանակ` որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Բացի այդ, օտիտի ժամանակ բույսի տերևներից ստացված տաք հյութը կաթեցնում են ականջի մեջ։
 
Նշվում է նաև, որ սանսևիերայի հյութը օգնում է վերքերի արագ սպիացմանը, հանգստացնում է քորը։ Բույսի չորացրած տերևների այրումից առաջացած ծուխն օգնում է գլխացավի ժամանակ։
 
Այս դիմացկուն և ոչ քմահաճ բույսն ունի շատ այլ անվանումներ, ինչպես, օրինակ, «խեղկատակի պոչ», «զոքանչի լեզու», «հովազաշուշան»։ ԱՄՆ-ում այն հայտնի է որպես «օձի կաշի», իսկ Գերմանիայում` «աֆրիկյան կանեփ»։

Նույն շարքից