Գիտություն 

ՀՀ վարչապետը ներկա եղավ «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսի բացմանը

analitik.am

 

      Նոյեմբերի 13-ին ԵՊՀ-ում մեկնարկեց «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը։ Առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքներն են ներկայացնում շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, ուսանողական կառույցներ և այլն։ Ցուցհանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ծանոթացավ երիտասարդական կազմակերպությունների ծրագրերին, գործունեությանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդական էքսպոն հնարավորություն կընձեռի ՀԿ-ներին ծանոթանալ միմյանց հետ, ինչի արդյունքում կձևավորվեն նոր կապեր։ Ներկայացված կառույցները կկարողանան համեմատել իրենց գործունեության որակը և ձեռք բերած հաջողությունները։ «Այսօր 70 կազմակերպություն մասնակցում է ցուցահանդեսին, ասելիք ունի, ցուցադրելու բան ունի, ինչպես նաև որոշակի պահանջներ՝ երիտասարդական հիմնադրամից, ինչը մենք տարվա կտրվածքով անպայման կիրականացնենք»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀԿ-ներին բավականին մեծ հնարավորություններ է տալիս. կարողանում են տարբեր մրցույթների մասնակցել ու ծրագրեր իրականացնել։ Բացի այդ, հիմնադրամն իրականացնում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթը, և այս ընթացքում ՀԵՀ-ը կարողացել է վստահություն ձեռք բերել ՀԿ-ների մոտ։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այսօրվա երիտասարդներին, նշեց, որ սերունդը փոխվել է, բոլորովին այլ սերունդ է, որը պարտավոր չէ բավարարել մեր ակնկալիքները, որովհետև ինքն ապրում է իր համար։ «Բայց այդ սերնդի գլխին պետք է կախել միևնույն աստղը, որը կախված է բոլոր սերունդների գլխին՝ հիշել, որ սեփական կյանքդ ապրում ես քո հայրենիքում, քո կողքին ապրում են այլ մարդիկ, և պետք է փորձես օգտակար լինել քո կյանքով և՜ ուրիշ մարդկանց, և՜ քո հայրենիքին»,- նշեց Արմեն Աշոտյանը։

«Պարգևենք ժպիտ» ՀԿ-ն 2011-ից երիտասարդների շնորհիվ ժպիտ է պարգևում անապահով անձանց։ ՀԿ-ն ներկայացնող Լիանա Մանուսաջյանը նշում է, որ իրենց նպատակն է օգնել հատուկ կարիքներ ունեցող անձանց ոչ միայն ֆինանսապես, այլև միջոցառումներ կազմակերպելով, հագուստներ տրամադրելով և այլ միջոցառումներով։ Մեր հիմնական խաղադրույքն այդ մարդկանց ուշադրություն պարգևելն է։

Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարելու է դրամաշնորհի մրցույթ։ Ցուցահանդեսի մասնակից երիտասարդական կազմակերպությունները հնարավորություն են ունենալու տեղում մշակել և ներկայացնել ծրագրեր մինչև 600 հազար դրամ բյուջեով։ Դրամաշնորհի պարտադիր պայման է, որպեսզի ծրագրերը լինեն համատեղ. կազմակերպվեն 1-ից ավելի կազմակերպույթունների միջոցով։ Հաղթող դրամաշնորհային ծրագրերը որոշվելու են քվեարկության արդյունքում։ Քվեարկությանը մասնակցելու են ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունները։

«Հայացք ապագային-2014» էքսպոն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։

 

Նույն շարքից