Գիտություն 

Հայագիտության նոր ինստիտուտ Ռումինիայում

analitik.am
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի է ունեցել Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ մասնակցել են  Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը,  Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը,

 

Ալբա Յուլիայի արքեպիսկոպոս, Ռումինիայի կաթոլիկ հայերի առաքելական առաջնորդ Գիորգի Յակուբինին,Ռումինիայի Հրեաների պատմության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լիվիու Ռոտմանը, հայաբնակ Գեռլայի և Դումբրավենի քաղաքապետերը, Ռումինական ակադեմիայի անդամներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ:
 
 
Հայագիտության ինստիտուտն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և կյանքի է կոչվել ինստիտուտի ղեկավար, նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչի և Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ռումինիայի Հայոց Միության աջակցությամբ:
 
 
Ըստ Նաստասե-Կովաչի` «Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը ոչ միայն կարևոր քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում, այլ նաև չափազանց հրատապ` հաշվի առնելով գալիք տարի հիշատակվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իրադարձություն, որը խորը ազդեցություն է ունեցել ողջ աշխարհի հայության վրաե:
 
 
Դեսպան Համլետ Գասպարյանը, ներկայացնելով միջպետական մակարդակով տարված աշխատանքը, որ նպաստել է Ռումինիայում հայագիտության նկատմամբ հետաքրքրության զարթոնքին, հույս է հայտնել, որ Բալկաններում և հարակից երկրներում հայոց հնամենի ներկայության մասին գիտական հետաքրքրություններից զատ, Հայագիտության ինստիտուտի գործունեությունը կնպաստի նաև այսօրվա եվրոպական տարածքում մշակութային բազմազանության մեջ հայկական տարրի բացահայտմանը և հայկական ինքնության հարստացմանը, որով նոր սերունդների համար ավելի կդյուրանա փոխճանաչումն ու փոխըմբռնումը:
 
 
«Բաբեշ Բոյայի համալսարանում Ռումինիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Հայագիտության առաջին ինստիտուտի հիմնումը համալսարանի կարևորագույն միջոցառումներից էե, - իր խոսքում ընդգծել է համալսարանի ռեկտոր Իոան-Աուրել Պոպը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձր է գնահատել Հայագիտության ինստիտուտի հիմնումը և նշել, որ ԵՊՀ կողմից կցուցաբերվի ամենայն աջակցություն հաստատության գործունեության ընթացքում:



Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը կարևորել և իրենց աջակցությունն են հայտնել Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը: Հայագիտության ինստիտուտի բացման կապակցությամբ ուղերձ էր հղել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:
 
Հայագիտության ինստիտուտը, Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանից զատ, իր նստավայրը կունենա նաև Գեռլայում` նախկին Արմենոպոլիս քաղաքում:
 
Բաբեշ-Բոյայ համալսարանը համարվում է Ռումինիայի մեծ և հեղինակավոր բուհերից մեկը: Համալսարանի հետաքրքրությունը պայմանավորված է Տրանսիլվանիայում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության առկայությամբ: Հայերն այստեղ հաստատվել են 17-րդ դարի վերջերում, հիմնել բնակավայրեր և մեծապես նպաստել այդ տարածքների տնտեսական զարգացմանը, արհեստների ու առևտրի խթանմանը, մշակույթի ու կրթության մակարդակի բարձրացմանը:



Այդ մասին տեղական արխիվներում, գիտակրթական հաստատություններում, թանգարաններում և հայ կաթողիկե եկեղեցիների պահոցներում առկա են հարուստ նյութեր, հունգարերեն և ռումիներեն լեզուներով գրվել և գրվում են պատմական և գիտական ուսումնասիրություններ: Հայագիտության ինստիտուտի հիմնադրմամբ այդ աշխատանքներին տրվելու են առավել ծրագրային բնույթ և ուղղվածություն: 

Նույն շարքից