Գիտություն 

Տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը

Երևանի պետական համալսարանի շենքում այսօր տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, գրքի համահեղինակ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, թուրքագետներ և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես գալով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, թե մայրենի լեզվով դասագիրք գրելը մի քանի անգամ ավելի պատասխանատու գործ է:

«Ցավոք, մեր գրադարանի դասագրքերի մեծ մասը հայալեզու չէ»,-իր խոսքում ասաց Արամ Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Կրթության և գիտության նախարարությանը, ապա շարունակեց, թե քաղաքական առումով է պետք նաև արժևորել այսպիսի դասագրքի առկայությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, թե այս դասագրքի ստեղծումն ի սկզբանե նվիրված է եղել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:

«Ինձ ուրախացնում է փաստը, որ Հայաստանում թուրքագիտության մակարդակը տարեցտարի մեծանում է: Ուզում եմ հույս հայտնել, որ թուրքագիտության զարգացումն այսքանով չի սահմանափակվի»,-ասաց նախարարը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ, դասագրքի հեղինակներից Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե նման դասագիրք ունենալու անհրաժեշտությունը իրենք՝ թուրքագետները, վաղուց էին զգում:

Նա նշեց, թե դասագրքի շնորհանդեսից րոպեներ առաջ զանգ է ստացել Սանկտ-Պետերբուրգից, որտեղից ասել են, թե առաջարկ կա գիրքը ռուսերեն թարգմանելու:

«Առաջարկ եղավ այն ռուսերենով թարգմանելու և հետագայում որպես ուսումնական ձեռնարկ օգտագործելու: Նախատեսված է, որ մինչև 2015 թվականի ապրիլ այն թարգմանված և պատրաստ կլինի»,-հայտարարեց Ռուբեն Մելքոնյանը:

Արմեն Աշոտյանն էլ իր հերթին առաջարկեց դասագիրքը թարգմանել թուրքերենով:

«Գոնե այդպես թուրք ուսանողներն այլընտրանքի հնարավորություն կունենան և կծանոթանան իրենց պատմության հետ: Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է աջակցել այդ հարցում»,-հայտարարել նախարարը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ կարծիք հայտնելով դասագրքի մասին՝ ասաց, թե այն գրված է հայկական տեսանկյունից, բայց բացարձակապես հայկական տեսակետը չի պարտադրում հայ ուսանողներին:

 

Նույն շարքից