Առողջապահություն 

Առաջնային բուժօգնության օղակը՝ առողջապահության գերակա ուղղություն

analitik.am

Համաձայն կառավարության նոր ծրագրի, Առողջապահական համակարգում առաջնային բուժօգնության օղակը լինելու է գերակա: Այս մասին Խորհրդարանում հայտարարել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` Վանաձորի պոլիկլինիկաներում ստեղծված իրավիճակի մասին հարցին:


Պատգամավորի տեղեկություններով Վանաձորի պոլիկլինիկայում աշխատավարձերի նվազեցումը հանգեցրել է բժիշկների արտահոսքի: Առողջապահության նախարարը նշել է, որ առաջիկայում այցելելու է Վանաձոր, ծանոթանալու է քաղաքի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների վիճակին, որից հետո պատգամավորի հարցին կտրվի հանգամանալից պատասխան:


Նախարարը նշել է, որ առաջնային բուժօգնության բյուջեն ձևավորովում է` ելնելով տվյալ բուժհաստատության կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակից: Առաջնային բուժհաստատության ֆինանսավորման նվազեցումը կարող է կապված լինել սպասարկվող ազգաբնակչության պակասի հետ: Հարկ է նշել, որ ելնելով բժշկի ազատ ընտրության սկզբունքից, բնակիչը ինքն է որոշում, թե որ բուժհաստատություն այցելել և որ բժշկի մոտ բուժվել:



Արմեն Մուրադյանը վստահեցրել է, որ նախարարությունը գործադրելու է բոլոր ջանքերը` առաջնային օղակի բուժհաստատությունների զարգացումն ապահովելու և բնակչությանը մատուցվող առաջնային բուժօգնության ծառայությունների որակն ու մատչելիությունը ապահովելու ուղղությամբ:

Նույն շարքից