Առողջապահություն 

Վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային համագումար Երևանում

analitik.am

Այսօր մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը, որի մասնակիցներին ողջունեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


«Ուրախալի է, որ համագումարի աշխատանքներին մասնակցում են  Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաև հետխորհրդային երկրների ճանաչված մասնագետներ»,- ասաց Մուրադյանը: Նա հպարտությամբ փաստեց, որ հայաստանյան մասնագետները ևս լուրջ հաջողություններ են գրանցել վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում: «Դեռ 1976 թվականին ոսկրային մատրիցան առաջին անգամ օգտագործվել է հենց Վնասվածքաբանության և օրթեպեդիայի գիտական կենտրոնում: Այժմ այն լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում»,- նշեց նախարարը` ավելացնելով, որ 1990-ականներից ի վեր ոլորտի հաջողություններին մեծապես նպաստել է Հայաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիան, որն այսօր արդեն Օրթոպեդների Եվրոպական ասոցիացիայի և միաժամանակ Եվրոպական ասոցիացիաների միավորման անդամ է: Նախարարը նաև կարևորեց Վնասվածքաբանության և օրթեպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի հետբուհական շարունակական կրթության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վաչագան Այվազյանի մեծ ներդրումումը ոլորտի զարգացման գործում: «Նա մարդ է, ում մեջ ամբողջանում է բժիշկի, պրոֆեսորի, մտավորականի բարձր կերպարը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը։ Նա դրական գնահատեց այն փաստը, որ գիտաժողովին մասնակցում են ոչ միայն վնասվածքաբաններն ու օրթոպեդները, այլև անոթային վիրաբույժները,  անեսթեզիոլոգներն ու առաջնային օղակի մասնագետները, ինչը հնարավորություն կտա քննարկելու և մշակելու բուժման միասնական առավել արդյունավետ մոտեցումներ ու սխեմաներ: 

Նույն շարքից