Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հանրապետության տոնը փառավոր և գեղեցիկ օր է յուրաքանչյուր հայի համար:
«Շատերի պապերը և անձամբ իմ պապի հայրը մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Անկախությունը բացարձակ արժեք է, որը սերունդները պետք է մանուկ հասակից կարողանան գնահատել և արժևորել: Ե՛վ մայիսի 28-ը, և՛ սեպտեմբերի 21-ը, կարծում եմ, մեզ համար պետական ամենամեծ տոները պետք է լինեն»,- ասաց Մուրադյանը:
Նրա գնահատմամբ` բանակը այն հիմնական ձեռքբերումն է` հենասյունը, որի վրա մենք կառուցում ենք մեր պետությունը, և զգում ենք մեզ պաշտպանված անկախ պետության սահմաններում:
Ձեռքբերումների թվում Մուրադյանը մատնանշեց նաև հայ դարավոր մշակույթը:
«Մեզ համար շատ կարևոր է նաև, որ մեր բնակչությունը լինի առողջ, որովհետև առողջությանը ևս բացարձակ արժեք է»,- հավելեց Առողջապահության նախարարը: