Վիքիպեդիայի բժշկական թեմաներով հոդվածների 90%-ում մասնագետները լուրջ սխալներ են հայտնաբերել: Հետազոտության հեղինակները զգուշացնում են բժիշկներին և Բժշկական համալսարանի ուսանողներին՝ չհիմնվել օնլայն հանրագիտարանների վրա՝ որպես ինֆորմացիայի հիմնական աղբյուր:
Ամերիկացի փորձագետները համեմատել են սրտի հիվանդությունների, շնչառական ուղիների քաղցկեղի, դեպրեսիայի և դիաբետի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք հրատարակվել են լուրջ բժշկական ամսագրերում և վիքիպեդիայում առկա հոդվածները: Նրանց տվյալներով՝ հոդվածների մեծ մասը պարունակում են լուրջ սխալներ:
Հսկա օնլայն հանրագիտարանը ֆինանսավորվում է բարեգործական ֆոնդի կողմից: Այս պահի դրությամբ՝ Վիքիպեդիայում հրապարակված է ավելի քան 30 մլն հոդված 285 լեզուներով:
Յուրաքանչյուրը, ով ցանկանում է, կարող է փոխել հոդվածների պարունակությունը, չնայած, որ շատ մասնագետներ, օրինակ բժիշկները փորձում են ուղղել հոդվածներում տեղ գտած սխալները:
Այս պահի դրությամբ՝ Վիքիպեդիան վեցերորդ տեղն է զբաղեցնում Համացանցում իր ժողովրդականությամբ: Նրա խմբագրման բաց մոդելը արդեն շատ վաղուց անհանգստացնում է առողջապահության ոլորտի փորձագետներին: Հայտնի է, որ բժիշկների և ուսանողների 70%-ը օգտվում է օնլայն հանրագիտարաններից ՝ որպես ինֆորմացիայի հիմնական աղբյուր:
Ամերիկացի 10 մասնագետներ որոշել են զբաղվել այս խնդրով և ուսումնասիրել են բոլոր հոդվածները՝ նվիրված մեծ տարածում գտած հիվանդություններին, ինչպիսիք են օսթեոարթրիթը, ասթման, մեջքի ցավերը և այլն:
Պարզվեց, որ բոլոր հոդվածների 90%-ում պարունակվում են տեղեկություններ, որոնք հակասում են բժշկական հետազոտությունների արդյունքներին:
Չնայած, որ Վիքիպեդիան իրենից ներկայացնում է ինֆորմացիայի ստացման շատ հարմար գործիք, այնուամենայնիվ բժիշկները, հիվանդների առողջությունից ելնելով, չպետք է օգտվեն Վիքիպեդիայի նյութերից: Այս հոդվածները երբեք այնպիսի մանրամասն ուսումնասիրության չեն ենթարկվում, ինչպես բժշկության վերաբերյալ գիտական հոդվածները:
Օնլայն հանրագիտարանի պաշտոնական ներկայացուցիչները և Wikimedia UK ներկայացուցիչ Սթիվի Բենթոնը առաջարկում են խնդրի լուծման իրենց տարբերակը: Բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է նոր նախագիծ՝ բժշկական կրթությամբ խմբագիրների միավորման համար՝ յուրաքանչյուր ոչ ճիշտ ինֆորմացիայի հայտնաբերման և ճիշտ ժամանակին ուղղման համար: