Առողջապահություն Հարցազրույց 

«Ձեռքը ձեռք է լվանում, 2 ձեռքը՝ երես. «Օգնության ձեռք»

analitik.am

Ձեռքը ձեռք է լվանում, 2 ձեռքը՝ երես…. ահա այս կարգախոսով է առաջնորդվում «Օգնության ձեռք»  բժիշկների թիմը՝ անվճար բուժզննում ու բուժօգնություն իրականացնելով մարզերի ու մայրաքաղաքի ծերանոցներում բնակվող տարեց մարդկանց և մանկատան երեխաներին, ինչպես նաև անապահով ընտանիքներին:


«Օգնության ձեռք» նախաձեռնությունն այս անգամ Գյումրիում էր: Նախաձեռնության այս այցը ամփոփելու համար զրուցեցինք «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» ծրագրերի համակարգող Սուսաննա Գյուրջյանի հետ:

 

-Եվս մեկ անգամ խոսենք նախաձեռնության նպատակի մասին: Ո՞րն է «Օգնության ձեռք» նախաձեռնության նպատակը:


-«Օգնության ձեռք» նախաձեռնության նպատակն է ձեռք մեկնել  ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գտնվող  ծերանոցներում բնակվող տարեց մարդկանց և մանկատան երեխաներին, ինչպես նաև անապահով ընտանիքներին: Իրականացնել բուժզննում, այնուհետև ըստ հետազոտության տվյալների, ովքեր կունենան լուրջ հետազոտման և բուժման կարիք, ցուցակագրել  և  գտնել հովանավորներ, որոնք կհոգան  տվյալ հիվանդների հետագա բուժման և վիրահատության ծախսերը:



 -Այս անգամ այցը դեպի Գյումրի էր և առավել ընդգրկուն: Խոսենք այդ մասին:


-«Պալեատիվ օգնության հայկական ասոցիացիայի», MPMS ընկերության և «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի»  համատեղ  կազմակերպած  «Օգնության ձեռք» նախագծի թիմը, «ԵԲՀԱ»-ի նախագահ` Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ փետրվարի 8-ից  9-ը  այցելեց Գյումրի:

Առաջին օրը երիտասարդ բժիշկներից բաղկացած անձնակազմը բաժանվեց երկու խմբի:  Մի խումբը բուժզննում իրականացրեց «Բեռլին» պոլիկլինիկայում, որտեղ հետազոտվեցին մոտ 100 մանկատան երեխաներ, իսկ մյուս խումբը բուժզննումն իրականացրեց ծերանոցում, որտեղ հետազոտվեցին 80-ից ավել ծերեր:

Երկրորդ օրը բուժզննում իրականացվեց մոտ 50 շահառուների և անապահով, անապաստան երեխաների:

Երկու օրվա ընթացքում հետազոտվեցին 230-ից ավել մարդ:

Մեզ աջակցող դեղագործական կազմակերպությունների կողմից տրամադրված դեղորայքը նշանակվեց և անվճար տրվեց հիվանդներին:

 


-Նախաձեռնող թիմը միշտ նույն կազմո՞վ է մեկնում մարզեր և ովքե՞ր կարող են միանալ նախաձեռնությանը:


-Ի ուրախություն մեզ «Օգնության ձեռք» նախաձեռնության թիմը էլ ավելի է մեծանում: Գյումրի մեկնելուց մեր թիմին միացան մի շարք մասնագետներ ոչ միայն Երևանից, այլ նաև Գյումրիից:

Մեր նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր այն բժիշկները, ովքեր կիսում են մեր գաղափարը:



-Կա՞ն մասնագետներ, ովքեր   թիմում ընդգրկված չեն, բայց  ում կարիքը նախաձեռնությունն ունի:


-Մեր թիմում ընդգրկված են անհրաժեշտ բոլոր մասնագետները:

 

 

- Թիմի տպավորություններն այս այցից:


-Մեր աշխատանքային թիմին ընդունեցին շատ ջերմ:  Թե մանկատան երեխաները, և թե տարեց մարդիկ  հուզված էին և շոյված մեր վերաբերմունքից: Վերադարձել ենք դրական էմոցիաներով:

 


-Կա՞ բան, որն այս պահին կցանկանայիք ասել:


-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին…«Օգնության ձեռք»  նախաձեռնության թիմի անունից  շնորհակալություն եմ հայտնում Zambon Pharma, Walmark-Armenia, Bon Pharm  դեղագործական ընկերություններին՝ դեղորայքով ապահովելու համար:  

Շնորհակալ ենք Platinum ink ընկերությանը, DIAGEN լաբորատորիային, Հիմալայա դեղագործական ընկերությանը, ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան ախտորոշիչ կենտրոնին՝ աջակցելու համար, ինչպես նաև Գյումրիում մեր թիմին միացած բուժանձնակազմին և «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրինությանը:

 

 

Analitik.am-ը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում «Օգնության ձեռք» նախաձեռնության ամբողջ թիմին՝ անձնվեր գործի համար և մաղթում  միայն հաջողություն:



 

 

Նույն շարքից