Առողջապահություն 

Քննարկվեց սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հարցը

Վիճակագրությունը փաստում է, որ  սրտանոթային  հիվանդությունները մեր երկրում ընդհանուր մահացության կառուցվածքում առաջնային տեղ են զբաղեցնում` կազմելով 48 տոկոս։ Այդ հիվանդությունները կանխելու, հիվանդացությունն ու մահացությունը նվազեցնելու ինչ հնարավորություններ կան։ Որ դեպքերում է անհրաժեշտ պոլիկլինիկայի այցելուի կամ ստացիոնար բուժման ընդունված հիվանդի պարտադիր էլեկտրասրտագրում կատարել։ Եվ ընդհանրապես, պոլիկլինիկա կամ հիվանդանոց դիմողին պարտադիր ինչ հետազոտություններ է անհրաժեշտ կատարել, «Շտապբուժօգնությունը» սրտային նոպաների որ դեպքերում քաղաքացուն ինչ ուղղվածության հիվանդանոց պետք է տեղափոխի։


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկեց  մայրաքաղաքի փորձառու սրտաբանների հետ։


«Մենք լավ սրտաբաններ ու ինվազիվ կենտրոններ ունենք։ Սակայն խնդրին այլ տեսանկյունից պետք է մոտենանք` պետք է մեր քայլերն ուղղենք մարդկանց առողջ պահելու ուղղությամբ։ Ակնկալում եմ մասնագիտական ձեր աջակցությունը։ Մենք պետք է հենվենք մասնագիտական ձեր կարծիքի վրա»,-ասաց նախարարը` հորդորելով քննարկել և տեսակետներ ներկայացնել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման ուղղությամբ։

Նույն շարքից