«Առողջապահական համակարգի «մեխը», պետք է լինի առողջ ապրելակերպի ապահովումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը»,- Ազգային ժողովում 2013 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկման ընթացքում ասել է ՀՀ առողջապահության նախարարը:
Արմեն Մուրադյանը պատասխանել է պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցերին, որոնք վերաբերել են հիվանդանոցներում պետպատվերի արդյունավետ բաշխման, առաջնային բուժօգնության, ինչպես նաև մարզային առողջապահական զարգացման խնդիրներին: Խոսրով Հարությունյանն ընդգծել է, որ թեև վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի 914 համայնքներից մոտ 654-ում վերականգնվել են ամբուլատորիաներն ու բուժկետերը, այնուամենայնիվ, շատ վայրերում առողջապահությունը անմատչելի է:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով երկրորդային բուժօղակի զարգացման խնդիրներին, ընդգծել է, որ այս օղակում ևս անելիքներ կան: «Առաջնային բուժօղակի՝ ժամանակին և ճիշտ գործառություների իրականացման դեպքում, արդյունքները տարիներ անց տեսանելի են դառնում: Մասնավորապես եթե մենք անդրադառնանք այսօր մեր ինֆեկցիոն հիվանդություններին, որոնց մահացությունը մեկ տոկոս է, նշանակում է 10-15 տարի առաջ իմունիզացիայի, ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի հետ գործում, իրականացվել է գործընթաց, որը թույլ է տվել այսօր ունենալ մեկ տոկոս մահացություն, ինչը բավականին լուրջ առողջապահական ձեռքբերում է »,-ընդգծել է Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով, պոլիկլինկական ծառայությունները պետք է հզորացվեն, այդ տեսանկյունից մշակվելու է առաջնային բուժօղակի արդիականացման ծրագիր: Անդրադառնալով գյուղական բնակավայրերը ժամանակակից ամբուլատորիաներով և բուժկետերով հագեցման խնդրին՝ Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր համայնքները միանգամից ապահովել արդիականացված բուժկետերով հնարավոր չէ, սակայն ամբողջ հանրապետության մասշտաբով իրականացվում է առողջապահական ծառայությունների համաչափ զարգացում: Խոսելով սոցիալական կարևոր նշանակություն ունեցող սրտի վիրահատությունների միասին, ոչ միայն երևանյան մի շարք բժշկական կենտրոններում, այլև Գյումրիում և Գորիսում, առողջապահության նախարարը նշել է, որ այն արտացոլված է նաև հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում, և նախարարությունը ջանք ու եռանդ չի խնայելու սրտի վիրահատությունը Հայաստանում ավելի որակյալ ու հասանելի դարձնելու համար:
Առաջնային բուժօղակում, Արմեն Մուրադյանի հավաստմամբ` իրականացվելու են սկրինինգային ծրագրեր, որոնք հնարավորություն կտան՝ կանխարգելել բարդությունները : Մշակվել է հատուկ ծրագիր, որը պոլիկլինիկաներում կսկսի գործել ընդամենը մեկ-երկու ամսից: Ծրագրի նպատակն է, որպեսզի ռիսկային խմբերը, որոնց մեջ մտնում են նաև զարկերակային բարձր ճնշմամբ հիվանդները, վաղ հայտնաբերվեն և բացառելով ռիսկի գործոնը՝ դեղորայքային բուժում ստանան` վիրահատության փուլին չհասնելով: