Առողջապահություն 

2013-ը ԾԻԳ-ի համար բարենպաստ տարի էր

analitik.am

«Ուրախ եմ, որ երիտասարդ, բանիմաց ձեր թիմի համախմբված աշխատանքի շնորհիվ առողջապահության համակարգի և մեր երկրի համար տեսանելի ու մնայուն արժեքներ են ստեղծվում, լուրջ բարեփոխումներ իրականացվում։ Ձեր մասնագետները մասնակցություն են ունենում նաև ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի մշակման, ծրագրերի կազմման և փորձագիտական աշխատանքներում։ Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին գերակշիռ են դարձել հիվանդանոցային շինարարության ու արդիականացման ծրագրերը։ Սակայն առաջիկայում Առողջապահության ազգային ինստիտուտի ու Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ ձեր գրասենյակը կընդգրկվի ոլորտ առ ոլորտ համակարգի բարեփոխումների ծրագրերում»,- Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Դերենիկ Դումանյանը։

Առանձնացված այս ստորաբաժանման հաշվետվությունը նախարարն ընդունեց տեղում` միաժամանակ ծանոթանալով աշխատակիցներից յուրաքանչյուրի գործառույթներին։

2013-ը ԾԻԳ-ի համար բավական հաջողված տարի էր։ Լայն թափով շարունակվել է մարզային հիվանդանոցների օպտիմալացումն ու արդիականացումը։ Վերջերս վերաբացվեց հիմնանորոգված և նորագույն սարքավորումներով ու գործիքներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնը։ Շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Ալավերդու, Կապանի և Բերդի հիվանդանոցների արդիականացման աշխատանքները։ Շուտով կսկսվի նաև Վանաձորի 190 մահճակալ հզորությամբ հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։ Միաժամանակ 5 մարզում շահագործման է հանձնվել  հիմնովին նոր կառուցված 13 բժշկական ամբուլատորիա։  Նախարար Դումանյանը կարևորեց, որ 2013-ին շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման մրցույթների արդյունքում տնտեսված մոտ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով կկառուցվի ևս 6 բժշկական ամբուլատորիա (3-ը` սահմանամերձ Տավուշի մարզում), կհիմնանորոգվեն Ճամբարակի հիվանդանոցն ու Մեծամորի պոլիկլինիկան, «Շտապօգնության» նախկին 10 մեքենա կվերանորոգվի և կհատկացվի հեռավոր շրջանների ամբուլատորիաներին։ Նա նաև հանձնարարեց շարունակել իրականացնել շահագործման հանձնվող բուժհաստատությունների արտաքին բարեկարգումը, թեև այն ընդգրկված չէ ծրագրերում։

«Ողջունելի է, որ տնտեսված միջոցներով այսքան աշխատանք է կատարվում։ Սակայն երբեք տնտեսումները որակի հաշվին չպետք է լինեն։ Շարունակեք մշտական խիստ հսկողություն իրականացնել ընթացող բոլոր աշխատանքների որակի նկատմամբ։

Դուք փոձառու մասնագետներ եք և շատ լավ պատկերացնում եք, որ բժշկական նորագույն կենտրոնների կառուցումը դեռևս մարզերում առկա առողջապահական խնդիրները լիովին լուծելու եշախիք չէ։ Նախարարությունը բժշկական ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանը, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանն ու մասնագետներով արահովմանն ուղղված 40 միջոցառում է իրականացնում, որոնցից շատերը շարունակական են։ Այստեղ կարևոր է նաև մարզային հիվանդանոցի օպտիմալ մոդելի մշակումը։ Ամբուլատորիայի նման մոդելը կարելի է հաջողված համարել։ Սակայն որոշ քաղաքներում նախկինից ժառանգություն մնացած հսկայածավալ կառույցների օպտիմալացումն օրախնդիր է»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Այնուհետև նախարարին զեկուցեցին 2014-2019թթ. ընթացքում իրականացվելիք ոչ վարակիչ երեք հիվանդությունների` սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերի նախապատրաստության ընթացքի մասին։ Աշխատանքներ կտարվեն պոլիկլինիկական համակարգի գործիքային համալրման, բուժանձնակազմի ուսուցման, ինչպես նաև ազգաբնակչության իրազեկման ուղղությամբ։ Կարևորելով այս ծրագիրը, նախարար Դումանյանը շեշտեց, որ այն լավ մեկնարկ կարող է դառնալ սկրինինգային հետագա ծրագրերի համար։

«Ենթադրվում է, որ այս ծրագրի արդյունքում մեծ թվով շաքարային դիաբետի դեպքեր կհայտնաբերենք։ Նրանց ևս կապահովենք կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով։ Մենք պետք է հնարավորություններ գտնենք զարկերակային գերճնշում ունեցողներին ևս ապահովել ճնշումը կարգավորող անվճար դեղորայքով։ Որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ճանապարհով ինսուլտների դեպքերը կարելի է կրճատել 30 տոկոսով»,-ասաց նախարարը։

Դերենիկ Դումանյանը Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ նաև քննարկեց առաջիկա ծրագրերը։

Նույն շարքից