Առողջապահություն 

Հայաստանում հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է

analitik.am

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը փետրվարի 12-ին ստորագրեցին երկամյա ծրագրի համագործակցության համաձայնագիր, որը կօգնի բարելավել Հայաստանի 0-5 տարեկան երեխաների առողջությունն ու սնուցումը:

Վերջին Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը (ԺԱՀՀ) Հայաստանի երեխաների սնուցման կարգավիճակի վատթարացման միտում բացահայտեց:  Համաձայն ԺԱՀՀ-ի` հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է մայրերի կողմից սխալ կերակրման սովորույթների պատճառով:  Նորածինների եւ փոքր երեխաների առողջությունը կախված է լավ սնուցումից: Թերսնուցումը ավելացնում է ինֆեկցիոն հիվանդույթուններից մահացության վտանգը, ինչպես նաեւ խաթարում է ֆիզիկական եւ մտավոր զարգացումը:  

Հանրային առողջության այս խնդրին առճակատելու համար ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը կաշխատի ՀՀ Առողջապահության նախարարության եւ Ուորլդ Վիժն կազմակերպության հետ` Հայաստանին օժանդակելով երկրում մոր եւ մանկան առողջության հարցերի շուրջ: Հատկապես կարեւորվելու են նորածինների եւ փոքր երեխաների սնուցումը, ինչպես նաեւ վիտամինների եւ հանքային նյութերի անբավարարության կանխարգելումը երեխաների սննդակարգում: Ծրագիրը կերակրման ճիշտ գործելակերպի վերաբերյալ կրթություն կապահովի եւ տեղական բուժհաստատություններին կաջակցի ամբողջ երկրում, ներառյալ գյուղական բնակավայրերում, երեխաների առողջության եւ սնուցման հետ կապված որակյալ ծառայություններ տրամադրել:

Գործընկերները նաեւ կանդրադառնան համայնքային, մարզային եւ ազգային մակարդակով սնուցման մոնիտորինգի եւ գնահատման համակարգին, ինչպես նաեւ կաշխատեն բարելավել  ընտանիքի եւ համայնքի իրազեկությունը երեխաների խնամքի, սնուցման գործելակերպի, երեխաների աճի եւ զարգացման  վերաբերյալ` սնուցմանն առնչվող խնդիրների վաղ բացահայտումը դյուրին դարձնելու համար:

Այս նախաձեռնությունը սուր թերսնուցման կանխարգելմանն ու բուժմանն ուղղված համապարփակ ծրագրի մաս է հանդիսանում:  Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց եւ երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում, որը ներառում է  հղիությունն ու կյանքի առաջին երկու տարիները:  Առաջին 1000 օրվա ընթացքում պատշաճ սնուցումը հսկայական ազդեցություն կարող է ունենալ երեխայի աճի եւ ուսման կարողությունների վրա: Այն նաեւ կարող է խորը ազդեցություն թողնել համայնքների եւ երկրների երկարաժամկետ առողջության, կայունության եւ զարգացման վրա:

Նույն շարքից