Առողջապահություն 

Ծերացման արագությունը կարելի է որոշել խալերի թվով

Մարդու մարմնի վրա գտնվող խալերի քանակը կարող է ցուցանիշ հանդիսանալ օրգանիզմի ծերացման պրոցեսի արագության բացահայտման համար, գտնում են բրիտանացի գիտնականները: Նրանց տվյալներով` խալերի թիվը համահավասար է տելոմերների երկարությանը: Այն հանդիսանում է քրոմոսոմի վերջույթային հատված, որը նվազում է բջջի ամեն ճեղքման արդյունքում:

Հետազոտություններին մասնակցել է 900  երկվորյակ: Գիտնականները հաշվել են մասնակիցների մարմնի վրա առկա խալերի քանակը և, բացի այդ, չափել են նրանց բջիջներում գոյություն ունեցող քրոմոսոմների տելոմերների երկարությունը:

Տելոմերը- քրոմոսոմների վերջնական հատվածը, ժառանգական տեղեկատվություն չի կրում: Դրանց հիմնական ֆունկցիան հանդիսանում է բջջային ԴՆԹ-ի պաշտպանությունը դեֆորմացիայից և վնասվելուց: Տելոմերի երկարությունը հաստատվել է որպես օրգանիզմի ծերության ցուցանիշ այն բանից հետո, երբ ապացուցվել է, որ քրոմոսոմի այդ հատվածը կարճանում է բջջի յուրաքանչյուր ճեղքումից:

Մարդու մարմնի վրա միջինը կարելի է գտնել 30-100 խալ, սակայն որոշ դեպքերում կարող է լինել 400-ից ավելի: Հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել տելոմերների երկարության զգալի կորելյացիա այն մասնակիցների մոտ, ովքեր 25-ից քիչ խալ ունեին, և այն մասնակիցների մոտ, ովքեր 100-ից ավելի խալ ունեին: Վերջին խմբում տելոմերները բավականին երկար էին, ինչը նշնակաում էր, որ այդ մարդկանց բջիջները մոտ 6-7 տարով "երիտասարդ են":

Գիտնականների եզրահանգումները անսպասելի էին, քանի որ մինչ վերջերս խալերով հարուստ մարդկանց առանձնահատկությունը համարվում էր մաշկի քաղցկեղի նկատմամբ հակվածության մեծ լինելը: 

Ըստ գիտնականների՝ չարորակ նորագոյացությունների առաջացման չնչին հավանականությունը, ինչը պայմանավորված է խալերի մեծ քանակով, հեշտությամբ փոխհատուցվում է տարիքային հիվանդությունների նվազ ռիսկայնությամբ, օրինակ, սրտի հիվանդություններ, օսթեոպորոզ և այլն: Սակայն այս բոլոր կանխատեսումները պետք է հաստատվեն հավելյալ հետազոտություններով: 


Սկզբնաղբյուր՝ Doctors.am

Նույն շարքից