Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում բուժման արդիական մեթոդների կիրառմանը նվիրված միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են մանկաբարձ-գինեկոլոգների համաշխարհային ասոցիացիայի` ՖԻԳՈ-ի անդամներ` աշխարհում մեծ ճանաչում ունեցող գիտնական-կլինիցիստներ Էրիկ Ժանիոն Մեծ Բրիտանիայից, Մայքլ Ստարքը Գերմանիայից, Մարիանո Իակարինոն` Իտալիայից։ Նրանք մեր մասնագետներին կներկայացնեն մանկաբարձագինեկոլոգիական ամենաարդիական խնդիրներն ու դրանց բուժման ժամանակակից մոտեցումները, կեսարյան հատման և արգանդի էքստիրպացիայի նորագույն մեթոդները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիրաբուժական անվտանգության պահպանման սկզբունքները։
Գիտաժողովի բացմանը մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն, ով իր ողջույնի խոսքում ընդգծեց.
«Ողջունելի է, որ գիտաժողովի շրջանակում նրանք նաև վիրահատություններ կկատարեն` տալով «վարպետության դասեր»: Այս ամենն, անկասկած, կնպաստի, որ մեր մասնագետները հաղորդակից դառնան նրանց փորձին, ինչպես նաև համաշխարհային նորագույն մեթոդներին և տեխնոլոգիաներին։
Կցանկանայի հատուկ նշել, որ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացներն այսօր ընկալվում են որպես Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման և բնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրման կարևոր բաղադրիչ: Վստահ եմ, որ ներկայացուցչական այս գիտաժողովն այս առումով ևս արդյունավետ կլինի»:
Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան, որն անդամակցում է Մանկաբարձ-գինեկոլոգների միջազգային ֆեդերացիային` ՖԻԳՈ-ին։
Ելույթի ամբողջական տեքստն` այստեղ