Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունում քննարկվել է ծննդաբերության բարդ դեպքերի աուդիտի ներդրման հարցը

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստում մայրական հիվանդացության  ու մահացության նվազեցման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Մազից կախված` կրիտիկական  դեպքերի»  աուդիտի ներդրման մասին հարցը քննարկվել է խորհրդի թարմացված կազմով։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ մինչ օրակարգին անցնելը փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մանկաբարձության և գինեկոլոգիայի  19 անդամից կազմված նոր  խորհուրդը, ինչպես նաև խորհրդի կանոնադրությունը։

Նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ խորհրդում ընդգրկվել են ավելի մեծ թվով առաջատար մասնագետներ, որպեսզի առավել խոր քննարկումներ իրականացվեն։

«Բավական ներկայացուցչական և հեղինակավոր մարմին է ձևավորվել, որի կայացրած որոշումները խիստ մասնագիտական կլինեն և կնպաստեն ծննդօգնության որակի բարելավմանը»,-հավելել է նախարարը։

Այնուհետև ՀՀ ԱՆ աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե  Ավագյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Անվտանգ մայրության նպատակով մայրական մահացության դեպքերի  և բարդությունների ուսումնասիրության ընդհանուր սկզբունքները և ՀՀ ԱՆ կողմից ընտրված  «մազից կախված  դեպքերի» մեթոդի ներդրման» մասին։

Այս հրամանը հնարավորություն կտա «մազից կախված» կրիտիկական դեպքերի վարումը գնահատել ԱՀԿ երաշխավորությունների և չափորոշիչների հիման վրա։

Նախարարն առաջարկել է հանրապետության ծննդօգնության բոլոր բժշկական կազմակերպություններում նախատեսվող ուսումնասիրություններին զուգընթաց կազմակերպել դասընթացներ` բուժաշխատողներին ծանոթացնելով այդ ուղեցույցներին և բուժօգնության որակի գնահատման չափանիշներին։

Նշվում է, որ «մազից կախված» դեպքերի այս նոր մեթոդի ներդրումը բուժհաստատություններին հնարավորություն կտա բացահայտել կրիտիկական դեպքերի առաջացման պատճառները, վարման հետ կապված խոչընդոտները, բացթողումները և այլն։

Նման դեպքերի վերլուծությունն իրականացվում է դասեր քաղելու և առաջիկայում դրանք հնարավորինս կանխարգելու կամ առավել արդյունավետ, ապացույցների վրա հիմնված միջոցառումներ կիրառելու նպատակով։

«Մայրական մահացության ցուցանիշը ոչ միայն առողջապահական, այլև ցանկացած երկրի զարգացվածության կարևորագույն ցուցանիշ է»,-ասել է Արմեն Մուրադյանը` տալով հանձնարարականներ դեպքերի մասին տվյալների հավաքագրման, դրանց վերլուծության և համապատասխան միջոցառումների ձեռնարկման ուղղությամբ։

Նա նշել է, որ բոլոր այս միջոցառումները միտված են երկրում մայրական և պերինատալ հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմանը։

Նույն շարքից