Առողջապահություն 

Մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք կենթարկվի մասնագիտական վերլուծության

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անց է կացրել մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ: Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա են եղել Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ: Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հաջորդաբար ներկայացրել է Գյումրիում առաջին դեպքում մոր և պտղի, երկրորդ դեպքում` պտղի մահվան հանգամանքները, ախտորոշումները, իրականացված բժշկական գործընթացի մանրամասները:

 

Արմեն Մուրադյանը շեշտել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մասնագիտական վերլուծության է ենթարկվելու: «Դա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վերհանմանը, այլև կնպաստի նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս  նվազագույնի կհասցվեն  ռիսկի գործոնները»,-ընդգծել է նախարարը:

 

Նա ոլորտի ներկայացուցիչներին կոչ է արել մշտապես լինել զգոն, ուշադիր և աշխատանքը կատարել մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ «կոլեգիալության», գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա: Նա մարզային ծննդատների տնօրեններին և բուժաշխատողներին հորդորել է որոշումներ կայացնելու գործում լինել ավելի օպերատիվ, քանի որ հաճախ մոր կամ պտղի կյանքը փրկելը վայրկյանների հարց է:

 

Նույն շարքից