Գեղեցկությունը զոհեր է պահանջում, սակայն այն չպետք է խլի առողջությունը: Օրթոպեդները պնդում են, որ մարդն առանց իր առողջությանը վնաս տալու կարող է կրել կոշիկներ, որոնց կրունկներն ունեն 3-4 սմ. բարձրություն:
Եվրոպացի կանայք՝ ի տարբերություն այլ ազգի կանանց, հազվադեպ են բարձրակրունկ կոշիկներ կրում: Ցածր հասակը որևէ կերպ չի անդրադառնում նրանց բարձր ինքնագնահատականի վրա: Տղամարդկանց մի զգալի հատված էլ դիսկոմֆորտ է զգում, երբ իր զուգընկերուհին իրենց ավելի բարձրահասակ է՝ ի հաշիվ բարձրակրունկ կոշիկների:
Որևէ մեկը չի կարող հերքել այն փաստը, որ բարձրակրունկ գեղեցիկ կոշիկները կնոջն ավելի սեքսուալ և գայթակղիչ են դարձնում: Նման կոշիկները կնոջ ոտքերն ավելի երկար են ցույց տալիս, փոխում են քայլվածքը, կանացիություն և հմայք են հաղորում կնոջը: Երիտասարդ և նորաձևությանը հետևող աղջիկները չեն պատկերացնում իրենց կյանքն առանց բարձրակրունկ կոշիկների, քանզի սիրելի հագուստը՝ լինի դա շորիկ, տաբատ կամ թեկուզ վերնաշապիկ, բարձրակրունկ կոշիկների համադրությամբ մի քանի անգամ ավելի գեղեցիկ է երևում: Իսկ ահա բժիշկ-օրթոպեդները միաձայն դեմ են բարձրակրունկ կոշիկներին՝ ընդգծելով դրանց հասցրած վտագն առողջությանը: Նրանք համոզված են, որ կինը գեղեցիկ է, եթե առողջ է:
«Մի քանի ժամ բարձրակրունկ կոշիկներ կրելը հանցագործություն չէ, բայց ամեն օր դրանք հագնելն ուղղակի անթույլատրելի է, քանզի խախտվում է ոտնաթաթի բիոմեխանիկան և ճնշում է գործադրվում ոստնաթաթի առջևի հատվածի վրա, ինչի հետևանքով էլ առաջանում են մի շարք դեֆորմացիաներ, առաջանում են ցավեր ոտքերի և մեջքի հատվածում: Երկարատև ժամանակ միայն բարձրակրունկ կոշիկներ կրելը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև վիրահատություններ և հաշմանդամություն»,- ասում է օրթոպեդ- վնասվածքաբան Ա. Բուգրովը:
Բարձրակրունկ կոշիկների կրումն ամեն օր անխուսափելիորեն հանգեցնում է երակների վարիկոզային լայնացման և արթրոզի: Երիտասարդ տարիներին հիվանդությունների մասին գրեթե ոչ ոք չի մտածում, և թվում է, թե այդ հիվանդությունը մեզ չի սպառնում, բայց դա, ցավոք, այդպես չէ: Բարձրակրունկ կոշիկների սիրահարների 99,9% -ը ոտնաթաթերի վրա կոշտուկներ ունեն, ինչը չարյաց փոքրագույնն է: Ի դեպ, կոշտուկներ ունենալու դեպքում սնկային հիվանդություններով վարակվելու հավանականությունը մի քանի անգամ ավել է: Բարձրակրունկ կոշիկներ հագնելիս մեծանում է ճնշումը ողնաշարի վրա, և ինչքան երկար եք քայլում բարձրակրունկ կոշիկներով, այնքան հավանական է դառնում ողերի տեղաշարժվելը, ողնաշարի ճռվելը, օստրիոխոնդրիոզը և մեջքի այլ հիվանդությունները:
Այս ամենով հանդերձ շատ կանայք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց այդքան սիրելի բարձրակրունկ կոշիկների: Եթե Դուք այդ կանանց թվին եք պատկանում, ապա գոնե հետևեք մասնագետների տված խորհուրդներին.
*Հնարավորինս քիչ կրեք բարձրակրունկ կոշիկներ և ոչ ավել, քան 3 ժամ անընդմեջ: Ժամանակ առ ժամանակ 5 րոպեյով հանեք կոշիկները՝ ոտնաթաթին հանգիստ տալու համար,
* Տուն վերադառնալով, մի ալարեք և ոտքերը հանգստացնող պրոցեդուրաներ արեք: Հոգնածությունը գերազանց հանում է սև թեյը՝ երկու-երեք թեյի գդալ թեյի խոտը պետք է 10 րոպե թրմել, որից հետո լցնել ստացված թեյը տաք ջրով թասի մեջ, այնուհետև ոտքերը 10-15 րոպեյով դնել թասի մեջ: Հետո ոտքերը պետք է լավ չորացնել և գերչակի յուղ քսել: Քնելիս ցանկալի է ոտքերը դնել բարձիկի վրա այնպես, որ դրանք մարմնի դիրքից բարձր լինեն,
*Ժամանակ առ ժամանակ պետք է նաև ոտնաթաթերի վարժություններ անել՝ ձգեք ոտնաթաթը դեպի Ձեզ, այնուհետև ներքև: Այսպիսի վարժությունը ոտնաթաթերում վերականգնում է արյան շրջանառությունը:
Եվ վերջում, բարձրակրունկ կոշիկներ ցանկալի է հագնել միայն տոնական օրերին, երկու-երեք ժամը բավարար է բարձրակրունկ կոշիկների պարգևած հաճույքը, առանց առողջությանը լուրջ վնաս տալու, վայելելու համար: