Առողջապահություն 

«Արմենիա» բժշկական կենտրոնը դինամիկ զարգանում է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց   «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Բժշկական հաստատության  գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջեց  բաժանմունքներով, հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ: Ուշադրություն դարձրեց հատկապես վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանն ու ծառայությունների կազմակերպմանը։

 

Նախարարը դրական  գնահատեց  բազմապրոֆիլ  կենտրոնի` ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված լայնածավալ աշխատանքները:

 

«Արմենիան» մայրաքաղաքի դինամիկ զարգացող բժշկական  կենտրոններից մեկն է»,-ընդգծեց նախարարը` իր գոհունակությունը հայտնելով  ղեկավարության կողմից որդեգրած զարգացման ծրագրերի առթիվ:  

 

Գրիգոր Գրիգորյանի խոսքով`   կենտրոնի  գլխավոր նպատակն է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր հմտությամբ օժտված  բուժանձնակազմի և տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակության վրա և դառնալ լավագույններից մեկը հանրապետությունում:

 

Այժմ լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում վիրաբուժության, փսիխոստոմատիկ, ինվազիվ սրտաբանության ծառայության բաժանմունքներում:

 

Վերջին տարիներին վերանորոգվել և լիովին վերազինվել են հեմոդիալիզի, անոթային վիրաբուժության բաժանմունքները:

 

Հանրապետական բժշկական կենտրոնը հիվանդներ է ընդունում ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Նրանք հնարավորություն ունեն ստանալու  ստացիոնար, և ամբուլատոր բուժում` դիալիզի, հիպերբարիկ օքսիգենացման, վերականգնման և հոգեթերապիայի բաժանմունքներում, ինչպես նաև  հետազոտվել «Արմենիա» ախտորոշման կենտրոնում:

 

Հիվանդանոցում գործում են 24-ժամյա պահպանության ծառայություն, ճաշարան, գրքերի կրպակ, բանկ, դեղատուն, պարենային խանութ, մարզասրահ և 24-ժամյա ավտոկայանատեղի, ինչպես նաև հիվանդների տեղափոխման ծառայություն քաղաքից, օդանավակայանից, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Վրաստանից:

 

Կենտրոնը Հայաստանի ամենամեծ բժշկական հիմնարկներից է։ Այն հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թ. սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրում։ Բազմապրոֆիլ հիվանդանոցում գործում է 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող է ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ:

Նույն շարքից