Առողջապահություն 

2014թ. մոր և մանկան մահացությունների թիվը նվազել է

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային եռամսյակն ամփոփող մամուլի ասուլիսը ընթացքում հայտարարեց, թե այս ընթացքում աշխատանքները հիմնված են եղել նոր կառավարության ծրագրի և Նախագահի հանձնարարականների վրա: 


«Շարունակվում է մարզային բժշկական հաստատությունների արդիականացման ծրագիրը»,-ասաց նախարարը՝ մանրամասներ ներկայացնելով իրականացվող աշխատանքներից: 

Նրա խոսքով՝ բուժօգնության որակի փորձաքննություն, վերլուծություն և գնահատում կատարելու համար սահմանվում են պարտադիր պահանջ-պայմանները, հստակեցվում են հիվանդ-բժիշկ կամ հիվանդ-բուժհիմնարկ փոխհարաբերությունները: 

Մոր և մանկան առողջության պահպանումը կարևորագույն խնդիր համարելով՝ առողջապահության նախարարը հայտարարեց, թե անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել են մոր և մանկան մահացությունների թիվը, իսկ ծննդաբերությունների թիվն ավելացել է:

Դեղերի ոլորտին անդրադառնալով նախարարն ասաց, թե Նախագահի հանձնարարությամբ և կառավարության ծրագրին համահունչ վերջին երկու ամսում նախարարությունում ակտիվ քննարկումներ են կազմակերպել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակելու ուղղությամբ: 

«Ուշադրության կենտրոնում են դեղերի գների պետական կարգավորմանը, զուգահեռ ներկրմանը, գրանցման ընթացակարգերին ու կլինիկական հետազոտություններին վերաբերող դրույթները»,-տեղեկացրեց նախարարը:

Դրական լուրերի շարքում նախարարը ներկայացրեց նաև այն, որ բոլոր բուժհիմնարկներում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել:

Նույն շարքից