Ամռան այս ամիսներին երեխաների շրջանում բավական տարածված են էնտերովիրուսները, որոնք, հիմնականում, հիգիենայի կանոների խախտման արդյունք են: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մանկաբույժ Անուշիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ էնտերովիրուսների զարգացման մյուս հիմնական պատճառը երեխայի ոչ ճիշտ խնամքն է:
Էտերեովիրուսներից խուսափելու համար բժիշկը մանկահասակ երեխաների ծնողներին հորդորեց խստագույնս հետևել հիգիենայի կանոններին, իսկ վարակի հայտնաբերման դեպքում որքան հնարավոր է շատ հեղուկներ տալ նրանց: «Երեխային կերակրելուց առաջ ծնողները պետք է լավ լվանան ձեռքերը, ինչպես նաև հոսող ջրով մանրակրկիտ լվանան մատուցվող միրգն ու բանջարեղենը: Ամռան այս սեզոնին պետք է բացառել արագ սննդի կետերում սնվելը»,- շեշտեց Անուշիկ Խաչատրյանը:
Հարցին՝ ի՞նչ նշանների առկայության պարագայում ծնողը պետք է անհանգստանա և երեխային անհապաղ բուժհաստատություն տեղափոխի, մանկաբույժը պատասխանեց. «Մինչև մեկ տարեկան երեխաներն անպայման պետք է տեղափոխվեն հիվանդանոց, ծնողներն ինքնաբուժմամբ չպետք է զբաղվեն: Մեկ տարեկանից բարձր երեխաների մոտ նույնիսկ դեղորայքային բուժումից հետո նկատվող լուծի, փսխումների և ջերմության շարունակականության դեպքում ևս պետք է անհապաղ բժշկի դիմել»,- ասաց բժիշկը: