Ամռան այս ամիսներին ինչպե՞ս գրագետ կերպով հոգ տանել մաշկի մասին. ահա մի հարց, որն, անկասկած, մտահոգում է բազմաթիվ կանանց ու աղջիկների: Մասնագիտական խորհուրդներ ստանալու համար Analitik.am-ն այս հարցով զրուցեց բժիշկ-մաշկաբան Ռուզաննա Սիմոնյանի հետ:
Նրա խոսքով, առաջնային և ամենակարևոր պայմանը մաշկը մաքուր պահելն է՝ դրան գումարած խորը խոնավեցումն ու մաշկի տոնուսը բարձրանող միջոցների օգտագործումը: «Բացի այդ, խիստ կարևոր է արևապաշտպան քսուկների կիրառությունը՝ լինի ծովափին, թե առօրյայում»,- նկատեց Ռուզաննա Սիմոնյանը՝ հավելելով, որ շոգ եղանակին ցանկալի չէ տոնային կրեմների օգտագործումը, և դրանցից օգտվել կարելի է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ երեկույթների գնալիս և այլն: Փոխարենը ճիշտ է ամռան ամիսներին դեմքը պատել թեթեև դիմափոշիով;
Անդրադառնալով ծովափնյա սեզոնին խիստ արդիական՝ բիկինիի և մարմնի այլ հատվածներում կատարվող մազահեռացման թեմային՝ բժիշկ-մաշկաբանը աղջիկներին և կանանց խորհուրդ տվեց գործընթացը գրագետ իրականացնելու համար դիմել մասնագետին՝ հետագայում մաշկային ամենատարբեր խնդիրներից խուսափելու նպատակով: «Տնային պայմաններում արված մազահեռացումը կարող է հանգեցնել մաշկի գրգռվածության և անցանկալի երևույթների, որոնց համար մինչև անգամ բժշկի միջամտություն պետք կգա»,- նշեց Ռուզաննա Սիմոնյանը: