Առողջապահություն 

Ստեփանակերտի Շտապ օգնության կայանը վերազինվում է ժամանակակից բուժսարքավորումներով

analitik.am

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այցելել է հանրապետության առողջապահական մի շարք հիմնարկներ։      


 «Արցախպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքէջը, օրերս նախարարը եղել է Հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է անգիոգրաֆիկ բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքին։


 Տեղում շինարարների հետ նա քննարկել է նորաստեղծ բաժանմունքի պայմանների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանության հարցերը, հստակեցրել շինաշխատանքների վերջնաժամկետները, ինչպես նաև համապատասխան հանձնարարականներ տվել։  

         

Հանրապետական բժշկական կենտրոնում Հ. Քուշկյանը հանդիպել է բուժանձնակազմին, նրանց հետ քննարկել օրախնդիր հարցեր։ Նախարարը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել կենտրոնում բուժքույրական գործի կազմակերպմանը։ Փորձի փոխանակման նպատակով պարբերաբար Երևանի  «Էրեբունի» և  «Նաիրի» բժշկական կենտրոններից Ստեփանակերտ են այցելում նաև բուժքույրեր, ովքեր իրենց հարուստ փորձն ու գիտելիքներն են փոխանցում տեղի կրտսեր բուժանձնակազմին, նրանց հետ միասին շտկում առկա թերությունները։


Հ. Քուշկյանը հանձնարարել է բուժհիմնարկում խստորեն պահպանել էպիդռեժիմը, հիվանդների համար ապահովել լիարժեք խնամք։   


ԼՂՀ առողջապահության նախարարը  եղել է նաև Շտապ օգնության կայանում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ի դեպ, Ստեփանակերտի Շտապ օգնության կայանը ներկայումս հիմնանորոգվում և վերազինվում է ժամանակակից բուժսարքավորումներով, արդիականացվում է կարգավարական կենտրոնը։

Նույն շարքից