Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ եւ դատապարտեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ ընթացքում Դավիթ Վարդանյանը պետք է նաեւ հարկադիր բուժում ստանա թմրանյութերի կախվածությունից:
Նշենք, որ նույնքան պատիժ էր դատախազը պահանջել Յուրի Վարդանյանի որդու համար: Յուրի Վարդանյանը ներկա չէր դատավճռի հրապարակմանը, դատարանի դահլիճում նստած էր Դավիթի մայրը, որը հրաժարվեց մեկնաբանել պատժաչափը։
Նշենք, որ Դավիթ Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվեց ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։