Հայաստանը բավական հաջողությունների է հասել թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում, և Միացյալ Նահանգները շարունակելու է համագործակցությունը և համատեղ աշխատանքը` լավագույն արդյունքների հասնելու համար:
Սեպտեմբերի 11-ին Հայաստանում տեղի ունեցած թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային համաժողովին լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա կարևորեց խորհրդաժողովի անցկացումը, որը, դեսպանի խոսքով, մարմնավորում է դատաիրավական ոլորտում Հայաստանի հետ ԱՄՆ համագործակցության լայն շրջանակը: «Այս տարվա սկզբին թմրադեղերի առգրավումները ցույց տվեցին, թե ինչպես միջազգային համագործակցությունը օգնում է նման լուրջ հանցագործություններից և ծանր ռիսկերից ժողովուրդներին պաշտպանելու գործում: Եվ այս խորհրդաժողովի նպատակն է խորացնել այդ համագործակցությունը, փորձի փոխանակմամբ կատարելագործել նման հանցագործությունների դեմ պայքարը և դրանց քրեական հետապնդումը»,- հայտնեց ԱՄՆ դեսպանը:
Միացյալ Նահանգներից ժամանել են դաշնային դատախազ և դատավոր, ովքեր մեծ փորձ ունեն նման գործերում: Դատաիրավական ոլորտի տարբեր ուղղություններով ԱՄՆ-ը Հայաստանի հետ աշխատում է ավելի քան տասը տարի:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի դիտարկմամբ` թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեմ պայքարը ՀՀ-ում կարևորվում է այն պատճառով, որ մեր երկիրը կարող է դառնալ թմարմիջոցների ապօրինի շրջանառության տարանցիկ երկիր: «Կարծես թե Անդրկովկասում սկսում է ձևավորվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության կովկասյան նոր միտում, որին ներգրավված են տարածաշրջանի երկրները: Այս պայմանններում խիստ կարևորվում է Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը: Մեծ նշանակություն կարող է ունենալ իրավական մարմիներին տեխնիկական խորհրդատվություն ցույց տալը, ինչպես նաև իրավական մարմինների աշխատակիցների մասնագիտացումը այս ոլորտում»,- նշեց Հովսեփյանը: