Իրավական 

Ոստիկանապետն ամփոփեց վերջին 8 ամիսները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն այսօր կայացած ասուլիսին ամփոփելով Երևանի վարչության ստորաբաժանումների կատարած աշխատանքները՝ տեղեկացրեց, որ նախորդ տարվա ութ ամիսների համեմատ այս տարի արձանագրվել է հանցագործությունների նվազում:

«Նվազել են սպանության, ավազակային հարձակումների մասով, սակայն ավելացել են բնակարանային հարձակումների դեպքերը: «Արձանագրված սպանության փորձերի հինգ դեպքերից բացահայտվել է երեքը: Ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Այս հանցատեսակով իրականացված աշխատանքների արդյունքում 60 անձ ենթարկվել է պատասխանատվության»,-ասաց նա:

Երևանի ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանության կողմից առանձնակի ուշադրություն է դարձվում գողության և ավազակային հանցագործության դեպքերին: 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ անձնական ունեցվածքի գողության դեպքերը նվազել են: Այս տարվա ութ ամիսների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է 15 հանցավոր խումբ:

Ծառայողական քննություն է իրականացվել նաև մի շարք ոստիկանների նկատմամբ, և 11 ոստիկանության ծառայող ազատվել է աշխատանքից: Ոստիկանապետը նաև վստահեցրեց, որ չբացահայտվող հանցագործություններ չկան:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ոստիկանների աշխատավարձից, ինչին Աշոտ Կարապետյանը պատասխանեց այսպես. «Թող լրագրողին քիչ հետաքրքրի ոստիկանի աշխատավարձը, իհարկե, ինչքան գումարն ավել, այնքան ավելի լավ, բայց մեզ՝ ոստիկաններիս՝ նվիրյալներիս, դա քիչ է հետաքրքրում»:

Նույն շարքից