Իրավական 

ՔԿԱԳ մարմինների ղեկավարները դժգոհ են ՏԻՄ ենթակայության տակ գտնվելուց

analitik.am

 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ գործակալություն) մարմինների ղեկավարները ցանկանում են կառույցը վերադարձնել Արդարադատության նախարարության ենթակայության տակ: Այսպիսի խնդրանքով սեպտեմբերի 30-ին հանրապետության տարածքում գործող ՔԿԱԳ մարմինների ղեկավարները Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ դիմեցին նախարար Հովհաննես Մանուկյանին:


Լինելով տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ենթակայության տակ` ՔԿԱԳ մարմիններն ունեն մի շարք տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, անհապաղ շենքային պայմանների բարելավման կարիք են զգում:

 

«Հակված չեմ այս համակարգը բերելու նախկին վիճակին, քանի որ կա գլոբալ խնդիր, որ բոլոր պետական գործառույթներն ավելի արդյունավետ կարող են իրականացվել տեղերում: Իսկ պետությունն իր հերթին համապատասխան ֆինանսավորում է տալիս տեղական ինքնակառավարման համակարգերին, որպեսզի վերջիններս իրենց հերթին արդյունավետ իրականացնեն իրենց գործառույթները», - դիմելով ՔԿԱԳ մարմինների ղեկավարներին ասաց Հովհաննես Մանուկյանը:

 

Նախարարը կոչ արեց, ինքնակառավարման մարմինների կողմից ՔԿԱԳ գործառույթների արդյունավետ իրականացման համար համատեղ մտածել այդ խնդիրների իրատեսական լուծման ուղիներ: Եվ միայն այն դեպքում, երբ հնարավոր չլինի կարգավորել այդ գործառույթները, նախարարը խոստացավ մտածել ՔԿԱԳ մարմիններն Արդարադատության նախարարության համակարգ վերադարձնելու եղանակներ:

 

«Տեղեկություն ունեմ, որ որոշ համայնքներում կա խնդիր աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, օրինակ՝ բաժնի պետի աշխատավարձը արդեն պետք է կազմի 256 հազար դրամ, նախկինում 100-126 հազար դրամի փոխարեն: Նմանատիպ խնդիրները մեզ պետք է հասանելի դարձվեն ՔԿԱԳ մարմինների ղեկավարների կողմից, որպեսզի  մենք կարգավորենք այս տիպի խնդիրները համայնքի ղեկավարների հետ», - հավելեց արդարադատության նախարարը:

 

ՔԿԱԳ մարմինների ղեկավարների հանդիպումն Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ նվիրված էր համակարգում նորամուծությունների և արդի խնդիրների քննարկմանը: Հանդիպմանը ներկա էին նաև Արդարադատության նախարարի տեղակալներն ու ՀՀ տարածքում գործող բոլոր ՔԿԱԳ մարմինների ղեկավարները:

Նույն շարքից