Իրավական 

Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները

analitik.am

Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները: Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլըն Բեռլինում միջազգային համաժողովին մասնակցությունից հետո վերադարձին մի քանի ժամով ձերբակալվել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել է ինքը` իրավապաշտպանը:

 

Նրա խոսքով` սահմանապահները վերցրել են նրա անձնագիրը և պահել` առանց որևէ բացատրություն տալու: Հետո մաքսային կետում նրան խուզարկել են և դժգոհություն հայտնել, թե ինչու նա երկրից դուրս գալու ժամանակ չի հայտարարագրել իր մոտ եղած 1500 մանաթ փողը:

 

Միրվարի Գահրամանլըն հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հասցեին սուր քննադատություններով: Նա բազմիցս է հանդես եկել հոդվածներով, որոնցում մերկացրել է ադրբեջանական կառավարության կոռուպցիոն գործունեությունը:
Ավելի վաղ ադրբեջանական դատախազությունը փորձել էր ձերբակալել նրա դստերը` Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովային, ում մի քանի անգամ հարցաքննության են ենթարկել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով:

 

Մաթանաթ Ազիզովան փախել է Ադրբեջանից` վախենալով կալանավորումից: Նրա տանը խուզարկություն է անցկացվել, առգրավվել են փաստաթղթեր, տեխնիկական սարքավորումներ: Նրա ամուսնուն և որդուն թույլ չեն տվել դուրս գալ Ադրբեջանից, ովքեր մեկնում էին տեսակցելու Մաթանաթի հետ:

 

Քաղաքական վերլուծաբանները վերջին շրջանում Ադրբեջանում իշխանությունների կողմից հասարակական ակտիվիստների և իրավապաշտպանների զանգվածային ձերբակալությունները բացատրում են եկող տարի Բաքվում անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերով: Ադրբեջանի իշխանությունները երկյուղում են, որ այս անգամ ևս կարող են կրկնվել Բաքվում անցկացված «Եվրատեսիլ 2012»-ի ժամանակ ավտորիտար կառավարության դեմ ակտիվիստների բողոքի ցույցերը, այդ պատճառով էլ այժմվանից մեկուսացնում են իրավապաշտպաններին, որպեսզի հասարակությանը զրկեն ընդդիմադիր զանգվածի առաջ նորդներից:

Նույն շարքից