Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Այս մասին Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:
«Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արամ Ա-ն:
«Այս հանդուգն քայլին դիմում ենք ոչ զգայական կամ քարոզչական նկատառումներով: Անցնող երկու տարիներին մեր մասնակցությամբ խորհրդակցություններ տեղի ունեցան միջազգային օրենքների ու դատական հարցերով օտարերկրացի մասնագետների հետ: Եվ ավելին, սովորական եկեղեցապատկան ունեցվածք պահանջելու մոտեցումով չէ, որ հանձն ենք առնում այս կարևոր քայլը: Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական մեծ իմաստ ունի Կիլիկիայի ու ողջ հայության համար: Գիտենք նաև, որ հիշյալ դատը անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածքների վերադարձի թղթապանակին: Այն դեպքում, եթե մեր դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, ինչը հնարավոր է, այն կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ընդգծել է կաթողիկոսը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցին՝ ընդգծելով, որ դա պետք է լինի համայն հայության առաջնահերթ խնդիրներից մեկը: «Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը նույնպես շատ կարևոր է մեզ համար: Մենք պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղում անվտանգության պահպանման և հարատև խաղաղության հաստատման համար: Ղարաբաղի անվտանգությունը նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է»,- ասել է կաթողիկոսը:
Արամ Ա-ն անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության ճանաչմանը և հատուցմանը՝ ընդգծելով, որ այս հարցը ևս համայն հայության համար առաջնահերթ խնդիրներից մեկն է, որի լուծմանը հասնելու համար շատ կարևոր պայման է Հայաստանի ու Սփյուռքի միասնականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում: