Իրավական 

Գլխավոր դատախազությունն այլևս չի մեկնաբանելու ՄԻՊ հայտարարությունները

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` սեպտեմբերի 25-ի «Դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով» հրապարակմանը: ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

 

«ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԻՊ հայտարարությանն անդրադարձել է՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների,  բնականաբար, կանխատեսելով  ՄԻՊ-ի կողմից  նմանօրինակ արձագանքը: Այդուամենայնիվ, վերահաստատելով արդեն իսկ հրապարակված դիրքորոշումը, Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ չի պատրաստվում մտնել նման պարզունակ և ավելի շատ, թերևս, PR-ային տարրեր պարունակող հրապարակային երկխոսությունների մեջ և այսուհետ չի պատրաստվում մեկնաբանել նման հայտարարությունները:


Վստահ ենք, որ ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ և ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը: Դրական արդյունքների դեպքում հասարակությունը առանց նման հայտարարությունների էլ կտեսնի և կգնահատի արված աշխատանքը: Ըստ այդմ, այս պահին ձեռնպահ ենք մնում և անիմաստ համարում քրեական օրենսգրքի մեկնաբանությունների շուրջ քննարկումները շարունակելը, հաշվի առնելով, որ այդ մեկնաբանությունները վաղուց զետեղված են դասագրքերում:  Թեման համարում ենք սպառված»:

Նույն շարքից