ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով հանրապետության մի քանի մարզերում վերջին թունավորումների դեպքերին, ասաց, թե այդ դեպքերը պետք է բաժանել երկու խմբի՝ որտեղ կա մարդկային գործոն, և որտեղ չկա մարդկային գործոն:
«Կան թունավորումների դեպքեր, օրինակ` Շիրակի մարզում, երբ գործ ունենք ջրատարների մաշվածության հետ: Այդտեղ պատասխանատվությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա է»,- ասաց Արա Ասոյանը:
Անդրադառնալով Արարատի մարզի դպրոցներից մեկում թունավորման դեպքին, որտեղ 46 աշակերտ հիվանդանոցային բուժման կարիք էր ունեցել, գլխավոր համաճարակաբանն ասաց, որ նրանք բոլորը դուրս են գրվել առողջացած:
«Թունավորումն այդքան ծանր և խորը չէր, երեխաները խնդիրներ չեն ունենա, բայց խնդիրներ կունենան այդ բիզնեսով զբաղվողները, պետք է այնպես անել, որ նրանք այլևս այդ գործով չզբաղվեն»,- ասաց բժիշկը:
Արա Ասոյանն ասաց նաև, որ այս տարի թունավորումների դեպքերը նախորդ տարվա համեմատ շատ են եղել, սակայն նա նշեց, թե միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել նաև այն, որ այս տարի շոգերն էլ են աննախադեպ եղել: