Իրավական 

Կպաշտպանվեն կենսաթոշակառուի իրավունքները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, արխիվային տեղեկանքների ստացումը իրականացնում է լիազոր մարմինը: Առաջարկված օրենսդրական կարգավորումը կենսաթոշակառուի համար շահեկան կլինի թե՛ բարոյական և թե՛ նյութական առումներով, կնվազեն ոլորտում առկա խնդիրները, կկրճատվի վարչարարությամբ նրա վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները, կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսից ու քաշքշուկից:

Կառավարությունը քննարկել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա հիմնավորմամբ օրինագծի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը նույնպես արել է մի քանի առաջարկ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Նիստում քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և սահմանել լրացուցիչ աշխատավարձ, հավելում, հավելավճար, լրավճար և պարգևատրում հասկացությունները: ՀՀ կառավարությունը, չառարկելով նախագծի ընդունմանը, նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում իր օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողով ներկայացվելիք նախագծի քննարկման ժամանակ՝ դրանք միավորելով համատեղ, մեկ միասնական տարբերակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2014թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունը՝ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ:

Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ, ՌԴ Սիբիրի Մ. Ռեշետնյովի անվան օդատիեզերական պետական համալսարանի ասպիրանտուրայի սան Հակոբ Սուքիասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2017թ. ձմեռային զորակոչը:

Հոկտեմբերի 5-ին նշվելիք «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին տրամադրելու համար գործադիրն հատկացրել է շուրջ 10 մլն դրամ:

Նույն շարքից